Մատչելիության հղումներ

Սուբսիդավորված դիզվառելիքի մատակարարումը գյուղացիներին սկսվել է


Կառավարությունը գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով գյուղացիներին սուբսիդավորված արժեքով դիզվառելիք հատկացնելու համար տարվա առաջին եռամսյակում գյուղնախարարությանը հատկացրել է ավելի քան 1 միլիարդ 327 միլիոն դրամ: Դիզվառելիքի մատակարարումն արդեն սկսվել է:

Կառավարության հաշվարկներով հանրապետության մարզերին պետք է հատկացվի ընդհանուր առմամբ 12 հազար 600 տոննա դիզվառելիք` ընդհանուր 5 միլիարդ 164 միլիոն դրամ արժեքով:

Դիզվառելիքի մատակարարումն ապահովելու է «Ֆլեշ» ընկերությունը:

Կառավարության եւ «Ֆլեշ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, կառավարությունը 1 լիտր դիզելային վառելանյութը «Ֆլեշից» գնելու է 440 դրամով, իսկ գյուղացուն հատկացնելու է 350 դրամով:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մարտի 2-ի դրությամբ բաշխվել է 1521 տոննա դիզվառելիք, որի դիմաց հավաքագրվել է 938 միլիոն 118 հազար դրամ կամ սուբսիդավորմամբ տրամադրվող վառելիքի ընդհանուր արժեքի 18.1 տոկոսը:

Ամենամեծ քանակությամբ դիզվառելիքը` 2700 տոննա, բաժին է ընկնում Գեղարքունիքի մարզին, ամենաքիչը` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերին` 300 ական տոննա: Հաշվարկն արված է ըստ մարզերի համայնքային հողատարածքների:

Փոխնախարարը նկատում է, որ դիզվառելիքի գումարների հավաքագրման հարցում ամենաակտիվը Գեղարքունիքի մարզն է, որտեղ հավաքագրվել է ամբողջ գումարի 29.5 տոկոսը: Գումար չի հավաքագրվել Վայոց Ձորի մարզում, փաստում է պաշտոնյան, այդ մարզի համար նախատեսված է եղել 300 տոննա դիզվառելիք: Նախատեսվածից բավականին քիչ գումար է հավաքագրվել Արարատի մարզում` 1.4 տոկոս:

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց, որ մինչ օրս մարզի 97 համայնքներից միայն 7-ն են վճարումներ կատարել դիզվառելիքի համար:

Եթե դիզվառելիքը տրամադրվեր կտրոններով, ապա սպառումն անհամեմատ ավելի շատ կլիներ, ասում է մարզպետարանի աշխատակիցը եւ գտնում, որ գումարները քիչ հավաքագրելու պատճառներից մեկն էլ տարաների պակասը կամ բացակայությունն է, քանի որ գյուղացին դիզվառելիքը պահելու տեղ չունի:Պաշտոնյան կասկածում է, որ Արարատի մարզի համար նախատեսված 2000 տոննան կսպառվի:

Արարատի մարզի Լուսառատ գյուղում գյուղացիներից ոմանք ասացին, որ գյուղապետարանում գումարները հավաքագրել են, սակայն դիզվառելիքը դեռ չի մատակարարվել: Գյուղապետարանում էլ պատասխանեցին, որ հավաքագրված գումարները չեն շտապում ուղարկել մարզպետարան, հույսով, որ դեռ կգտնվեն գյուղացիներ, ովքեր պատրաստ կլինեն վճարել դիզվառելիքի համար:

Լուսառատում մի տղամարդ, ով ներկայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից, ասաց, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործական նպատակներով կառավարության հատկացրածից ավելի էժան գնով` մեկ լիտրը 300 դրամով դիզվառելիքը տրամադրելու է գյուղացուն, ընդ որում ոչ կանխիկ գումարի դիմաց:

«Խաղողը հանձնելուց հետո, փողը ստանալու ժամանակ, կպահի [դիզվառելիքի գումարը]», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Արարատի մարզի մեկ այլ գյուղում` Փոքր Վեդիում, գյուղացիներից մեկը, ով չցանկացավ խոսել ձայնագրիչի առաջ, ասաց, որ ավելի լավ կլիներ «Ֆլեշին» սուբսիդավորելու փոխարեն կառավարությունն այդ գումարն իրենց տրամադրեր, իրենք էլ դիզվառելիք կգնեին անհրաժեշտ քանակությամբ, քանի որ շատ վերցնելու դեպքում պահելու տեղ չունեն:

Այդ դիտարկմանն ի պատասխան` գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Փողը տալուց հետո ոչ մեկս համոզված չէ, որ որ այդ փողը վառելիք [կդառնա] իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այդ դեպքում ե՛ւ սիլիտրան, ե՛ւ սերմացուն ինչո՞ւ ենք տալիս` փող տանք: Սա քաղաքականություն է, որպեսզի մենք հողը օգտագործենք, ոչ թե սոցիալական անապահով խավի նման սոցիալական օգնություն: Անցել են դրա ժամանակները»:

Ինչ վերաբերում է ծրագրի ժամկետներին, ապա փոխնախարարի խոսքով, գումարները կարող են հավաքագրել մինչեւ մարտի 15-ը, իսկ մինչեւ մարտի 20-ը` ստանալ դիզվառելիքը: Ընդ որում, Սամվել Գալստյանի խոսքով, կառավարությունը կարող է նաեւ երկարաձգել ժամկետները:

«Ֆլեշ» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ պատրաստ են վառելիքը տեղ հասցնել, եթե վճարումները ժամանակին կատարվեն:

«Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի խոսքով, պարզապես համայնքները պատրաստ չեն ծրագրի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG