Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է այն տեղեկությունները, որ փետրվարի 23-ի ցերեկը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահվան պատճառը ոչ թե ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած կրակոցն է եղել, այլ ծառայակցի գնդակը:

Ադիբեկյանը մահացել էր գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից: Ըստ նախարարության քննչական ծառայության նախնական տեղեկությունների, Ադիբեկյանի վրա կրակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Ենգիբարյանը:

Ենգիբարյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանին հարցրեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ էր հենց սկզբից նախարարությունը շրջանառության մեջ դրել «հակառակորդի գնդակից» զոհվելու մասին տեղեկատվությանը:

«Ալբերտ Ադիբեկյանի` հակառակորդի կողմից սպանվելու վարկածի սկզբնաղբյուր է հանդիսացել հենց ինքը` Իգնատ Ենգիբարյանը, ով փորձել է թյուրիմացության մեջ գցել հրամանատարությանը», - նշեց Կարապետյանը:

Հիշեցնենք, Ալբերտ Ադիբեկյանի սպանության դեպքը վկայակոչելով, փետրվարի 24-ին մի շարք հայաստանցի երգիչներ հրաժարվեցին մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին` հիմնավորելով, որ «Ադրբեջանը չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրների կոչը` քաշել դիպուկահարներին շփման գծից, եւ ցանկացած առիթ օգտագործում է արյուն հեղելու համար»:

Այս պահին հայտնի չէ, թե ի՞նչ են անելու երգիչ-երգչուհիները` դեպքի իրական հանգամանքների բացահայտումից հետո:

Դավիթ Կարապետյանից փորձեցինք նաեւ ճշտել` հաճա՞խ են լինում դեպքերը, երբ ծառայակցի գնդակից սպանությունները որակվում են որպես հակառակորդի կրակոցից սպանություններ:

«Սա եզակի դեպք է», - վստահեցրեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: - «Այսպիսի թյուրիմացություններ շատ քիչ են լինում, կամ կարելի է ասել` չեն լինում: Նախարարությունը երբեք նման անբարո եւ ոչ օրինական գործողություն չի կատարել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG