Մատչելիության հղումներ

Զինանոցի գործով քննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին


Երեւանում օրերս հայտնաբերված ապօրինի զինանոցի գործով քննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայությանը:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Գլխավոր դատախազությունն է «քննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով» քրեական գործի նախաքննությունը հանձնարարել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

Գործով առայժմ միակ ձերբակալվածը Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանն է, ում պատկանող շինությունում էր հայտնաբերվել ոստիկանության բնորոշմամբ` աննախադեպ այդ զինանոցը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը մեզ հետ զրույցում գործի վարույթը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու որոշումը պայմանավորեց հայտնաբերված զենքի մեծ ծավալներով եւ տեսակներով:

«Պետք է պարզաբանվի` որտեղից է, ինչ զենքեր են», - նշեց Նազարյանը:

Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում հիշեցնենք ` փետրվարի 29-ին հայտնաբերվել էին տասնյակ ինքնաձիգեր, 5000-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 պարկ պայթուցիչ, դիպուկահար հրացան, գնդացիրներ, նռնականետեր, հակատանկային նշանակետի հրթիռներ, հակատանկային նռնակ, մարդու ուրվապատկերով մոտ երեք տասնյակ թիրախներ եւ այլն: Ոստիկանության բնորոշմամբ, այդ մարտական տեխնիկայով հնարավոր կլիներ զինել մի ամբողջ գումարտակ: Զինանոցը հայտնաբերվել էր օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված խուզարկության արդյունքում` անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:

Զինանոցը պահելու մեջ կասկածվող շարքային դաշնակցական Արշավիր Կարապետյանը, ըստ ՀՅԴ-ի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է:

Ոստիկանությունը չի մեկնաբանում մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Կարապետյանի մոտ այդ զենք- զինամթերքը մնացած է եղել պատերազմից, տարիներ շարունակ հողի տակ պահված է եղել եւ նշված վայր է տեղափոխվել օրերս:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ իրենք իրավասու չեն նման հարցերի պատասխանել, քանի որ գործը նախաքննության փուլում է: Նույն հիմնավորմամբ Պաշտպանության նախարարությունը չպատասխանեց հարցին, թե նախարարության շենքից ոչ շատ հեռու հայտնաբերված այդ զինամթերքը նախարարությունում հաշվառված է, թե ոչ:

Ինչ վերաբերում է զինանոցը հայտնաբերելու քաղաքական դրդապատճառներին, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը բացասական պատասխանեց մեր այն դիտարկմանը, թե արդյոք դրա հայտնաբերման պատճառը փետրվարի 27-ին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը չէր այն մասին, որ ՀՅԴ-ն իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում:

«Չէ, բացարձակ: Նմանատիպ բան չկա», - ասաց Նազարյանը:

Ինքը` Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ սպասում է նախաքննության արդյունքներին, բայց առայժմ կապ չի տեսնում իր հայտարարության եւ զինանոցի հայտնաբերման միջեւ:

please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG