Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում իր դիրքորոշումն է ներկայացնում Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ եւ խոսում Երեւանի այլ հիմնախնդիրների մասին:

Քաղաքապետը, մասնավորապես, տեղեկացրեց, որ Մաշտոցի այգում տեղադրվող կրպակների սեփականատերերը մինչեւ 2028 թվականը վարձակալության պայմանագրեր ունեն, սակայն նրանց հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հին Երեւան» ծրագրի իրականացման ժամանակ` մոտ երեք տարուց, կրպակները նորից տեղափոխել այլ վայր:

«Իսկ ինչ վերաբերում է մյուս կրպակներին, որոնք 2011-ին ապամոնտաժվել են, ապա դրանք հիմնականում ժամկետանց եւ լքյալ կրպակներ էին: Եթե 700-800 կրպակներ են ապամոնտաժվել 2011-ին, դրանց 90 տոկոսը լքյալ կրպակներ էին: Մնացածը գործող, բայց ժամկետանց կրպակներ էին: Բայց ունեինք նաեւ կրպակներ, որոնց կարգավիճակը պետք է վերանայինք, քանի որ դրանք դեռ ժամկետի մեջ էին եւ փորձելու ենք նաեւ այդ սեփականատերերի եւ վարձակալների հետ բանակցել, որ իրենց խնդիրներին էլ անպայման լուծում տանք», - ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր փոխհատուցել կրպակների սեփականատերերին կամ նրանց այլ տարածք հատկացնել, Մարգարյանն ասաց. - «Քանի որ Մաշտոցի հարակից պուրակում տեղադրելով կրպակները լինելու էին համայնքային սեփականություն, եւ հնարավորություն էր լինելու, որ երեք տարվա ընթացքում այդ կրպակները ապամոնտաժեինք: Իսկ եթե այլ տարածքներում հատկացումներ իրականացնեինք, ասենք Ձկան խանութի գետնանցումում, ապա այնտեղ անցուղիները, որոնք նեղ են, ավելի անհարմարավետ կլինեին մեր բնակիչների համար: Քանի որ սեփականատերերի հետ ձեռք էինք բերել ավելի կարճ ժամկետով պայմանավորվածություն, հարմար գտանք, որ այդ պուրակի հարակից տարածքում առանց ծառերին վնասելու տեղադրել այդ կրպակները: Փոխհատուցման տարբերակն էլ ենք քննարկել սեփականատերերի հետ, բայց դրանք այնքան մեծ գումարներ են, որ քաղաքապետարանի բյուջեն այդ հնարավորությունը չունի»:

Քաղաքապետը, ով օրեր առաջ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին կոչ էր արել հարգել մասնավոր շահը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը առաջնահերթ պաշտպանում է հանրային շահը:

«Մենք հասկանում ենք, որ այդ պուրակում պետք է բարեկարգման ծրագիր իրականացնենք, այգին վերակառուցենք եւ «Հին Երեւանին» կապենք: Մենք կրպակները փորձել ենք այդտեղ տեղադրել` չվնասելով եւ հարգելով հանրային շահը», - ասաց Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետն ասաց, որ իրենք դիմել են ոստիկանության օգնությանը, քանի որ ակտիվիստները խանգարել են հասարակական կարգը, փորձել են վիրավորել շինարարներին: Հարցին, թե ինչո՞ւ կրպակների կառուցումը իրականացվեց գիշերով, երբ այգին հսկող բնապահպանները արդեն տուն էին գնացել, Մարգարյանը պատասխանեց, որ դրանքը ընդամենը «հերթափոխով կատարված աշխատանքներ են եղել», իսկ շինարարները անաղմուկ են աշխատել:

Տարոն Մարգարյանը դրական արտահայտվեց բնապահպան-ակտիվիստների մասին` ասելով, որ նրանց «գրանտակերներ» չի համարում, սակայն նաեւ ասաց, որ այգում հերթապահություն իրականացնելու կարիք չկա, քանի որ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն կատարվում:

«Այնտեղ իրականում կան երիտասարդներ, ովքեր սրտացավ են կանաչի եւ բնապահպանության համար: Բայց այդ սրտացավությունը չպետք է նման ձեւով ցույց տան», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք քաղաքապետը պատրաստ է այգու հարցում փոխզիջումների գնալու, Մարգարյանը պատասխանեց. - «Փոխզիջումը երեւի այլ ձեւ է հնչում, ես պատրաստ եմ քննարկել, ես պատրաստ եմ ծրագրեր իրականացնել բոլոր բնապահպանական կազմակերպությունների հետ»:

Տարոն Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի քաղաքապետարանը երեք անգամ ավելացնելու է կանաչ տարածքների խնամքը, որն իր մեջ կներառի ծաղկապատում, ծառերի, թփերի տնկում, ոռոգման ցանցի ընդլայնում:

Անդրադառնալով Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրներին` քաղաքապետն ասաց, որ մոտ ապագայում պատրաստ կլինի քաղաքի նոր երթուղային ցանցը, որով 2500-ից ավելի միկրոավտոբուսների եւ 300-ից ավելի ավտոբուսներների փոխարեն մարդկանց կսպասարկեն 1500 միկրոավտոբուսներ եւ 900 ավտոբուսներ:

«Մեր քաղաքականությունն է ազատվել միկրոավտոբուսներից, բայց դա փուլ առ փուլ պետք է իրականացնենք», - ասաց նա` հավելելով, որ քաղաքապետարանը խնդիրներ չի ունեցել միկրոավտոբուսների սեփականատերերի, այսպես կոչված «գծի տերերի» հետ:

«Դեռ չենք բախվել գծի տերերի հետ, որովհետեւ հստակ դրված է, որ միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն, դրա համար այդ բախումը չի եղել: Ինչ վերաբերում է գործազուրկ վարորդներին, ես փաստ կարող եմ արձանագրել, որ այսօր ունենալով 249 նոր, չինական ավտոբուսներ, դեռ ունենք 100 վարորդ, այսինքն Երեւանի քաղաքապետարանը դեռ 149 վարորդի կարիք ունի: Միկրոավտոբուսների վարորդները, ովքեր կկրճատվեն, կհամալրեն մեր ավտոբուսային պարկը», - ասաց Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG