Մատչելիության հղումներ

Քաղաքական գովազդի սակագները հիմնականում նվազել են


Հայաստան -- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մուտքը, Երեւան, արխիվ
Հայաստան -- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մուտքը, Երեւան, արխիվ
Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններն արդեն սահմանել են մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագները:

Նշենք, որ համաձայն նոր Ընտրական օրենսգրքի, վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը այն չի կարող փոփոխվել: Օրենքի հենց այս պահանջի պատճառով անցած` 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ այս տարի հեռուստաընկերությունների մեծ մասը նվազեցրել է քաղաքական գովազդի սակագները:

Ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը. քաղաքական գովազդի 1 րոպեն այս հեռուստաընկերությունում արժե 120 հազար դրամ: Նկատենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում «Շանթ»-ի քաղաքական գովազդի 1 րոպեն 108 հազար դրամ արժեր:

Երկրորդ տեղում «Արմենիա» հեռուստաընկերությունն է: Քաղաքական գովազդի 1 րոպեն այս հեռուստաընկերությունում արժե 110 հազար դրամ: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն կազմում էր 130 հազար դրամ: Հեռուստաընկերության ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս նվազեցումը պայմանավորեց ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության հետ:

Երրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է: Այստեղ քաղաքական գովազդի 1 րոպեն կարժենա 80 հազար դրամ: Նշենք, որ 2007-ի համեմատությամբ Հանրային հեռուստաընկերության սակագները մնացել են անփոփոխ:

2007-ի համեմատ կտրուկ նվազել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական գովազդի սակագինը: 100 հազար դրամի փոխարեն այս տարվա նախընտրական շրջանում 1 րոպե քաղաքական գովազդը կարժենա 36 հազար դրամ: «Երկիր Մեդիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը սակագնի կտրուկ նվազեցումը կապում է օրենքի կարգավորման հետ:

«Հիմա օրենքը փոխվել է, եւ օրենքում հստակ նշված է, որ ցանկացած հեռուստաընկերություն քարոզարշավի ընթացքում չի կարող սահմանել գովազդի` իր ուզեցած գինը: Դրա համար հիմա մենք շարժվում ենք համապատասխան օրենքի կետի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Դավիթ Հակոբյանը:

Նշենք, որ «Երկիր Մեդիա»-ից բացի նվազել է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական գովազդի սակագինը: Եթե 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն արժեր 108 հազար դրամ, ապա այս քարոզարշավի ընթացքում 1 րոպեն կարժենա մոտ 32 հազար դրամ:

Դե իսկ ամենացածր սակագինը սահմանել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը. 1 րոպե քաղաքական գովազդն այստեղ 18 հազար դրամ արժե:

Այսպիսով, վերոհիշյալ 6 հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի արժեքը տատանվում է 18 հազարից մինչեւ 120 հազար դրամի սահմաններում:

Մյուս կարեւոր խնդիրն այն է, թե հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունները օրվա ո՞ր ժամերին եթեր կհեռարձակեն նախընտրական գովազդները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, այս հարցը դեռեւս չի հստակեցվել եւ այդ մասին կհայտարարվի առաջիկայում:

Մինչդեռ, մասնավոր հեռուստաընկերություններն արդեն որոշել են նաեւ քաղաքական գովազդի ժամանակահատվածը: Նախընտրական գովազդները հիմնականում եթեր կհեռարձակվեն երեկոյան ժամը 6-ից սկսած:

Այսպես, «Շանթ» հեռուստաընկերությունը քաղաքական գովազդները եթեր կհեռարձակի երեկոյան ժամը 6-ից մինչեւ 8-ը ընկած ժամանակահատվածում: «Արմենիա» հեռուստաընկերությունը նույնպես նախընտրել է այդ ժամանակահատվածը:

«Հարմար ենք գտել այս ժամը, որովհետեւ մենք պիտի նաեւ կատարենք եթերացանցի փոփոխություն: Սա մեզ համար ամենաօպտիմալ ժամանակահատվածն է», - նշեց «Արմենիա»-ի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանի փոխանցմամբ, իրենք նույնպես նախընտրելի են համարում երեկոյան ժամերը. - «Իսկ ավելի կոնկրետ` [գովազդային] բլոկների տեղը մեզ համար գոնե հայտնի կլինի, երբ որ մենք հասկանանք, թե քանիսն են կուսակցություններից մեզ մոտ ուզենալու տեսնել իրենց քաղաքական գովազդը»:

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հեռուստաընկերությունները նախընտրական դաշինքների եւ կուսակցությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացնեն անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն: Մեզ հետ զրույցում բոլոր հեռուստաընկերությունների տնօրենները պնդեցին, որ հենց այդպես էլ աշխատելու են:

please wait

No media source currently available

0:00 0:05:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG