Մատչելիության հղումներ

Ընտրատարածքների անմատչելիություն, ընտրախցիկների ոչ բավարար լայնություն, թեքահարթակների խիստ սակավություն՝ այս եւ բազմաթիվ այլ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք ընտրությունների գնալիս:

Հայաստանի ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար, բայց հաշմանդամություն ունեցող հայաստանցիներից շատերը կարծես չեն զգում այդ հավասարությունը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքերով՝ խոչընդոտներից մեկն էլ շրջիկ քվեատուփի ինստիտուտի բացակայություն է, որի հետեւանքով քաղաքացին, ով անկողնային հիվանդ է եւ տանն է, զրկվում է ընտրելու իրավունքից: «Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է», - ընդգծեց նա։

«Որպես կանոն՝ մեր երկրում ընտրատեղամասերը տեղակայվում են այնպիսի շենք-շինություններում, որոնք ոչ միայն հաշմանդամներին, այլեւ սակավաշարժ մարդկանց համար են անմատչելի», - հավելեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը:

Կազմակերպության հարցման արդյունքում, որն իրականացվել է հաշմանդամություն եւ ընտրելու իրավունք ունեցող 436 մարդկանց շրջանում, պարզվել է, որ ընտրությանը չի մասնակցել նրանցից 79՝ 18 տոկոսը: Հիմնական պատճառը անմատչելի ընտրատարածքներն են:

Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության իրավաբան Ալբերտ Աբգարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ անցած ընտրությունների ժամանակ լուծվել է տեսողության խնդիրներ ուենցող անձանց ընտրելու հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք արդեն քվեարկելու էին ստվարաթղթե կաղապարի միջոցով:

«Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը նշեց, որ ուսումնասիրել է բոլոր գրանցված կուսակցությունների ծրագրերը, որոնցից գրեթե բոլորում հաշմանդամ անձինք դիտվել են նույն կարգավիճակում, ինչ բռնադատվածները, սոցիալապես անապահովները, փախստականները կամ ծերերը:

«Մենք պետք է հասկանանք, թե ով է հաշմանդամը՝ 70-ն անց թոշակառո՞ւն է, թե՞ քսանամյա երիտասարդը, ով ինչ-ինչ պայմաններում հաշմանդամություն է ձեռք բերել: Հաշմանդամը երբեք օգնություն հայցող չէ, պարզապես մարդ է, ով ունի հավասար իրավունքներ բոլորի հետ, ուղղակի պետք է ապահովել նրա իրավունքները», - ասաց Օհանյանը:

«Եթե չլինեն արգելքները՝ եթե ես բոլորի հետ հավասար մուտք գործեմ բուհեր, հասարակական վայրեր, ապա հաշմանդամությունը այլեւս քննարկելու կարիք էլ չի լինի», - հավելեց «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանը:

XS
SM
MD
LG