Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ընտրվելու կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում շնորհավորանքներից հետո, մասնավորապես, ասված է. - «Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա: Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային-հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ»:

Հայաստանի նախագահը Պուտինին առաջարկում է պետական այց կատարել Հայաստան:

«Հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով: Անկասկած, Ձեր այցը նոր խթան կհաղորդի բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը` ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ, հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն եւ նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG