Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը նպատակաուղղվելու է հաղթանակի


«Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում կուսակցության 10-րդ համագումարում, Երեւան, 3-ը մարտի, 2012թ.
«Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում կուսակցության 10-րդ համագումարում, Երեւան, 3-ը մարտի, 2012թ.
«Օրինաց երկիր» կուսակցությունը «պետք է կարողանա ժողովել իր ջանքերը, իր ողջ էներգիան եւ նպատակաուղղվել` [առաջիկա խորհրդարանական ընտրություններին] հասնելու հաղթանակի»: Շաբաթ օրը իր ղեկավարած կուսակցության 10-րդ համագումարում նման հայտարարություն արեց Արթուր Բաղդասարյանը:

«Մենք ներգրավվելու ենք ակտիվ քաղաքական պայքարի մեջ։ Այս երկու ամիսը «Օրինաց երկիր» կուսակցության համար լինելու է ամենօրյա աշխատանքի, ու պատասխանատու, քարտնաջան աշխատանքի օրեր. ժամեր ու ամիսներ», - ասաց Բաղդասարյանը։

«Ես հասկանում եմ այն մարդկանց ովքեր չեն վստահում քաղաքականությանը, քանզի բազմիցս խաբվել են դրանից», - շարունակեց «Օրինաց երկիր»-ի ղեկավարը եւ հավելեց. - «Օրինաց երկիր» կուսակցությունը երբեք չի խաբել իր համախոհներին։ «Օրինաց երկիր» կուսակցությունը, սակայն, հաճախ հասկացված չի եղել»։

Իսկ քիչ անց, անդրադառնալով 2008 թվականի նախագահական ընտրություններին, Բաղդասարյանը ասաց. - «Եվ իրոք այսօր մենք կարող ենք ասել, որ նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու եւ վճարելու»։

«Հիմա մենք ընդունում ենք մեր անցած ճանապարհի ընթացքում մեր ունեցած ե՛ւ ձեռքբերումները, ե՛ւ թերացումները, ե՛ւ բացթողումները։ Բայց մի բան ակնհայտ է` «Օրինաց երկիր»-ը լույսի պես մաքուր է», - հայտարարեց կուսակցության առաջնորդը։

Հայտնելով, որ ներկայումս «Օրինաց երկիր»-ը ունի 150 հազար անդամ, եւ նշելով, որ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում կուսակցությունը աջակցում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, Արթուր Բաղդասարյանը ասաց. - «Ես ուզում են նաեւ դիմել մեր բարեկամներին։ Ես ակնկալում եմ, որ մեր բարեկամները մեզ աջակցեն իրենց բարի խոսքով ու բարի հայացքով։ Մենք ոչ մեկի հացը չենք խլում, մենք մեր հաղթանակն ենք ուզում տանել։ Բոլորի համար էլ կա հնարավորություն»։

Չնայած սպասվում էր, որ համագումարի արդյունքում ի վերջո կհրապարակվի կուսակցության համամասնական ցուցակը, սակայն դա տեղի չունեցավ:

Համագումարը «Օրինաց երկիր»-ի նախագահի պաշտոնում վերընտրեց կուսակցության հիմնադիր եւ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ վերջինս էլ ցուցակի հետ կապված միայն ասաց. - «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորական ցուցակներում կլինեն մեծ թվով երիտասարդ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել փոփոխությունների համար»։

Բաղդասարյանը լրագրողների հետ այսօր չշփվեց։

«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Համամասնական ցուցակը մենք կհայտարարենք Ընտրական օրենսգրքի համաձայն` համապատասխան ժամանակում։ Այն, որ համամասնական ցուցակի վրա հստակ աշխատանքները, գրեթե մեծ տոկոսը, ավարտված է` դա այդպես է, բայց այսօր չենք հայտարարելու»։

«Վստահ եմ, որ այդ ցուցակը բոլորիդ դուր է գալու», - նշեց Բիշարյանը` վստահեցնելով, որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կփոխվի «բավականին շատ»։ «Չասեմ տոկոսներով, որ սուտ դուրս չգամ, բայց ես կարծում եմ` բավականին նոր դեմքեր կլինեն», - նշեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը` շարունակելով. - «Մեծամասնական մինչեւ 15 ընտրատարածքներում «Օրինաց երկիր»-ը կառաջադրի թեկնածուներ»։

Նա նաեւ հերքեց մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումների շուրջ իշխող կոալիցիայի կուսակցությունների միջեւ պայմանավորվածությունների մասին ենթադրությունները. - «Էդպես չի, ես ձեզ վստահեցնեմ, եւ դուք կտեսնեք, որ կոալիցիոն քաղաքական ուժերից միասին մեկ ընտրատարածքում հանդես են գալու։ Կլինեն էդպես, որ ե՛ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ե՛ւ Հանրապետականից, ե՛ւ «Օրինաց երկիր»-ից կմասնակցեն»։

«Ես վստահ չեմ, որ ընդհանրապես ընտրություններին պայմանավորվածությունները կարող են պահպանվել, որովհետեւ դա ընտրություն է, եւ որեւէ մեկը չի կարող պատկերացնել, թե դա ինչով կավարտվի», - ընդգծեց Բիշարյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության համագումարին ներկա էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանը, մի շարք երկրների դեսպաններ:


please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG