Մատչելիության հղումներ

Բաքուն դեմ է Մինսկի խմբի միջնորդությունից հրաժարվելուն


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությունից հրաժարվելու գաղափարին։

«Ես համաձայն չեմ Մինսկի խմբի միջնորդությունից հրաժարվելու առաջարկին։ Ճիշտ է, համանախագահների գործունեության կոնկրետ արդյունքների բացակայությունը հակամարտության կարգավորման մեջ շատ է անհանգստացնում Ադրբեջանին։ Սակայն Ադրբեջանում, ինչպես նաեւ այլ երկրներում ծագող մտքերը համանախագահների փոփոխության մասին` սոսկ դատողություններ են», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդովը։

Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ կապված զարգացումներին անդրադառնալով` ադրբեջանցի պաշտոնյան ասել է. - «Մենք չպետք է շտապողական քայլեր ձեռնարկենք, երբ ինչ-որ բան է տեղի ունենում։ Միջազգային հարաբերություններում տարբեր իրավիճակներ են առաջանում, իսկ դիրքորոշումը, որ դրսեւորեց Ադրբեջանը, ցույց տվեց, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։

Համանախագահների տարածաշրջան հերթական այցի կապակցությամբ Մամեդովը հայտարարել է, թե միջնորդները պետք է այլ ուղիներ փնտրեն «Հայաստանին կառուցողական դիրքորոշում որդեգրել պարտադրելու» համար։ Նրա պնդմամբ` Հայաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, ցանկանում է ձգձգել գործընթացը, այդ իսկ պատճառով համանախագահների առաջարկները «իրենց չեն արդարացնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG