Մատչելիության հղումներ

Մարտի 3-ի մամուլ


«Երկիր»-ը իր խմբագրականում գրում է. - «Այն, որ տարիներ շարունակ տեղում դոփելուց Հայաստանը դեպի զարգացման ուղի դուրս բերելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ եւ նոր մոտեցումներ, կարծես կասկած չի հարուցում։ [...] Ցավոք, քաղաքական-վերլուծական միտքը, կարծես, նույնպես ընկել է նիհիլիզմի ու ֆատալիզմի ճահիճը։ Մեր վերլուծաբանները հնչող ցանկացած նոր գաղափարի մասին իրենց դատողությունները կառուցում են` ելակետ ընտրելու ոչ թե այն, թե որքանով դա կծառայի մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, այլ այն, թե ով է հնչեցնում այդ գաղափարը, որ քաղաքական ուժն է հանդես գալիս առաջարկով։ Հետո սկսում են «վերլուծել» նրա անցած ուղին, կամ հայտնել իրենց «հեղինակավոր» կարծիքը նախաձեռնությունը ներկայացնողի մասին։ Արդյունքում, արժեզրկում են գաղափարը, է՛լ ավելի խորացնելով անելանելիության, ամեն ինչի կանխորոշվածության զգացողությունը»։

«Առավոտ»-ը գրում է. - «Ժամանակն է, որ հասարակությունն իր առաջ դնի թեեւ երբեմն փոքր, բայց կոնկրետ եւ իրագործելի նպատակներ։ Քաղբանտարկյալների ազատ արձակումը հենց նման մի խնդիր էր` փառք ու պատիվ ՀԱԿ-ին, մնացած ուժերին, բոլոր նորմալ քաղաքացիներին. այն հաջողվեց իրագործել։ Դրանից հետո ամիսներ շարունակ «անհապաղ հրաժարական» անպտուղ կարգախոսի վրա կողմնակիցների էներգիան սպառելը, իսկ այնուհետեւ հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստվելը շախմատային լեզվով կոչվում է «տեմպի կորուստ»։ Օրինակ` երբ դուք առաջ եք տանում ձեր նավակը կամ թագուհին, իսկ հակառակորդը դրանք «քշում է» զինվորով, դուք ստիպված եք լինում ֆիգուրն առաջվա տեղը դնել, բայց մրցակիցն ավելի նպաստավոր դիրք է ձեռք բերում»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Մարտի 1-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն ու դրան հաջորդած երթը դեպի Մյասնիկյանի հրապարակ ոչ թե ընդդիմության առաջատար ուժի քաղաքական ակցիայի էր նմանվում, այլ անցյալի վերաիմաստավորման ու վաստակաշատ առաջնորդի հրաժեշտի հուշ-երեկոյի։ […] Մինչդեռ մարտի 1-ից առաջ թվում էր, թե ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքից հետո անցած 3 ամիսները առատ նյութ էին մատակարարելու նրա առաջնորդին մի նոր՝ «մարտիմեկյան թեզիսներ» գրելու համար։ Սակայն իր ելույթի հենց սկզբում Տեր-Պետրոսյանը նսեմացրեց անցած եռամսյակի իրադարձությունների քաղաքական իմաստը եւ անցավ դրանց առանձին մանրամասների քննությանը ոչ թե ապագայի, այլ անցյալի դիտանկյունից»։

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հանրահավքում հայտարարեց քաղաքական տարին սկսելու մասին, որի առանցքային իրադարձությունը, բնականաբար, լինելու է խորհրդարանի ընտրությունը։ Կոնգրեսը հայտարարեց նաեւ, որ իր նպատակն է այդ ընտրությունները վերածել նախագահական ընտրությունների առաջին փուլի։ [...] Բանն այն է, որ այդպիսով, հռչակելով այդպիսի նպատակ, Հայ ազգային կոնգրեսը փաստացի հակադրվում է ամբողջ քաղաքական դաշտին, քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից եւ ոչ մեկը իր առաջ չի դրել այդպիսի նպատակ եւ չի հայտարարել, որ խորհրդարանական ընտրությունները պետք է վերածի նախագահականի։ Այդ հակադրությունը հետաքրքրական է նրանով, որ փաստացի զուգահեռվում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնության առաջացած հակադրությանը, որտեղ մենակի դերում է մնացել ՀՀԿ-ն։ Այդպիսով, խորհրդարանական ընտրությունների նպատակի հռչակման տեսանկյունից էլ մենակ է մնում Կոնգրեսը։ Մինչդեռ դա փաստացի նշանակում է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմադիր դաշտի համատեղ գործողությունները մեծ հաշվով դառնում են անհեռանկար, այսինքն, միավորող մարտավարական միջանկյալ հանգրվանը` ընտրակարգի հարցը, հետին պլան է մղվում առավել գլխավորի` հայտարարված նպատակի պատճառով»։ «Այդպիսով, թերեւս կարելի է արձանագրել, որ Կոնգրեսը քաղաքական տարին սկսում է ընդդիմադիր դաշտի հետ հակադրության մեսիջով», - եզրակացնում է հոդվածագիրը։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը 2012 թվականի մարտի 1-ին խորհրդարանում քվեարկության դնելը եւ ընդունելը բազմաթիվ դիտորդներ, ոչ առանց հիմքի, որակել են որպես սրբապղծություն։ Սա, ըստ էության, անարգանք է 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի, այդ օրը վիրավորված հարյուրավոր քաղաքացիների եւ ընդհանրապես` քաղաքացիական Հայաստանի հասցեին։ Մեծ հաշվով նաեւ ուղերձ, որ բռնապետությունը մտադիր է երկար պահպանել իր իշխանությունը, եւ քանի որ ստանդարտ միջոցները արդեն հասկանալիորեն բավարար չեն այս խնդիրը լուծելու համար, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը իշխանությանը հնարավորություն է տալիս բանակը կիրառել իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնելիս։ [...] Հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ Քոչարյան-Սարգսյան զույգը Հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակից վերածել է սեփական ժողովրդի դեմ մարտնչող ամենամարտունակ բանակի` տարածաշրջանում։ Քոչարյանը դա արել է դե ֆակտո, Սարգսյանը հիմա դե յուրեի հիմքերն է փորձում գծել»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG