Մատչելիության հղումներ

logo-print
Ֆուտբոլի ֆեդերացի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, այսօր անդրադառնալով այս շաբաթ Հայաստանի հավաքականի անցկացրած երկու ընկերական հանդիպումներին, հայտարարեց, թե թիմը առաջիկայում ցանկացած հավաքականի համար լուրջ պրոբլեմ է լինելու:

Ռուբեն Հայրապետյանը ավելի շատ ոգեւորված է Սերբիայի հետ խաղից` չնայած Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով:

«Սերբիայի հավաքականը շատ ուժեղ հավաքական է: Սերբիայի հավաքականի հետ մենք փորձարկում էինք երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք շատ ուրախացրին ու ցանկացած պահի պատրաստ են համալրել մեր ազգային հավաքականը», - պարզաբանեց ՀՖՖ-ի նախագահը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադարձավ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի շուրջ խոսակցություններին: Սերբիայի խաղից հետո Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, թե Մելիքսեթյանը ստվեր գցեց խաղի վրա եւ այլեւս նրան չենք տեսնի հավաքականի մարզաշապիկով: Ռուբեն Հայրապետյանի այս հայտարարությունը մամուլում քննադատության առիթ դարձավ, թե ֆեդերացիայի նախագահը դուրս է եկել իրավասություններից, միանձնյա որոշումներով մարզչի գործառույթն է իր վրա վերցրել: Ֆեդերացիայի նախագահը հիշեցրեց, որ տարիներ առաջ վատ ֆուտբոլի համար բոլորն իրեն էին մեղադրում.

«Ինչ կապված է ազգային հավաքականի հետ` բոլոր հարցերի որոշողը ես եմ, պատասխանատուն ես եմ: Իհարկե, ես պետք է որոշեմ ով կխաղա, ով չէ: Փորձում են ինձ մեղադրել, թե ես իրավունք չունեմ մարզիչի գործերին խառնվել: Այդ մարդիկ նույնիսկ չեն հասկանում մինչեւ հիմա, որ ես եմ այն մարդը, որ կարող եմ մարզիչ հեռացնել աշխատանքից», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ Հայրապետյանը ընդգծեց, որ մարզիչն է հրավիրում ֆոտբոլիստներին, որոշում մարտավարական հարցեր, բայց` ասաց, թույլ չի տա, որ վատ ֆուտբոլիստները մարզաշապիկը կրելով անպատվեն հավաքականին:

Ֆեդերացիայի նախագահն ընդունում է, որ Մելիքսեթյանի հեռացումով վիճակը ավելի է ծանրանում, քանի որ Հայաստանի հավաքականը երկրորդ դարպասապահի լուրջ խնդիր ունի, մանավանդ որ թիմի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին մոտենում է կարիերան ավարտելու տարիքին:

«Ես գիշերն էլ արթնանում եմ` երկրորդ դարպասապահ... Երկրորդ դարպասապահ է անընդհատ իմ գլխի մեջ», - պատմեց Ռուբեն Հայրապետյանը:
Նորայր Մամեդովը մայիսից կհամալրի հավաքականի շարքերը: ՀՖՖ նախագահի խոսքով, նա մտադիր է փոխել ազգանունը, նոր միայն գալ Հայաստան:

«Ժամանակին հոդվածներ տպվեցին թերթերով, որ այդ ի՞նչ ազգանունով հայ է: Ինքը ազդվել է, ու ասում է` ես պիտի փոխեմ ու գամ», - ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Առաջիկա ընտրություններում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կառաջադրվի մեծամասնական համակարգով, արդեն կա Հանրապետական կուսակցության որոշումը: Իր բիզնեսներով էլ զբաղվում է որդին: Իսկ դիտարկմանը, թե բազմիցս հայտարարել է, որ ԱԺ-ն իր տեղը չէ, չի տեսնում իրեն այնտեղ, հիմա ինչո՞ւ մտքափոխվեց, Հայրապետյանն արձագանքեց. - «Ես նորից եմ ասում` ես գտնում եմ` իմ տեղը չէ: Բայց ես անկախ մարդ չեմ, ունեմ կուսակցություն, կուսակցության ղեկավար: Կուսակցությունը որոշել է: Ես հստակ կատարում եմ իմ կուսակցության ցանկացած որոշում: Կուսակցությանը ես եմ պետք, կուսակցությունն էլ ինձ»:

Այս գումարման խորհրդարանում բացակայություններով աչքի ընկած պատգամավորին հարց ուղղվեց, թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել անցնող տարիներին. - «Օրինակ` իմ ընտրողների հետ աշխատանքով: Ես ինքս լավ գիտեմ: Այսինքն` դուք երեւի գիտեք ես աշակե՞րտ եմ, առաջին դասարա՞ն եմ եկել, եւ ինձ հարցեր եք տալիս: Գնացեք վերցրեք Ազգային ժողովի արխիվից ու կտեսնեք օրենքներ, որն եմ ես եղել, որում չէ: Նույնիսկ աղջիկներին, երեխաներին պաշտպանելու վերջին օրենքն էլ եմ ես ներկայացրել»:

Մայիսին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ, իսկ օգոստոսին Երեւանում կհյուրընկալի Բելառուսի ընտրանուն Հրազդան մարզադաշտում, որի խոտածածկը եւ լույսերը կփոխվեն: Սեփականատիրոջ` Աշոտ Աղաբաբյանի հետ տարաձայնությունները հարթված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG