Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի առաջարկը «միայն ԲՀԿ-ին ուղղված չէ»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը, մեկնաբանելով ՀԱԿ առաջնորղ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը, ասաց` իրենք ոչ թե միայն կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն (ԲՀԿ) են համագործակցության առաջարկ անում, այլ բոլոր քաղաքական ուժերին:

«Ռեժիմը պետք է հայտնվի մեկուսացած վիճակում, մենք պետք է ստեղծենք քաղաքական ուժերի լայն ճակատ, որոնք հասկանում են, որ Հայաստանը իսկապես գնում է դեպի աղետ, եթե արագորեն չլուծվի արդար եւ ազատ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորման հարցը: Մենք ոչ թե միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ենք այդ առաջարկը անում, այդ առաջարկը մենք անում ենք բոլոր քաղաքական ուժերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Զուրաբյանը` ի պատասխան հարցին, թե արդյո՞ք երեկվա իր հայտարարություններով Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ արեց:

Հիշեցնենք` հինգշաբթի կայացած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «քաղաքական գործոն» դառնալու հնարավորությունը եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին պայմանավորեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանով, այլ ԲՀԿ-ի եւ Օսկանյանի «կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերով»: Քոչարյանի հավակնությունները, վերջինիս հետ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Օսկանյանի մտերմական հարաբերությունները համարելով «քաղաքական բովանդակությունից զուրկ հանգամանքներ»` Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի` որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա «նրա քայլը կարելի է միայն ողջունել»:

Հարցին, թե ՀԱԿ-ում արդյո՞ք համոզված են, որ ԲՀԿ-ն այս պահին Հանրապետականից առանձին է գործում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք մինչեւ վերջ ոչնչում համոզված չենք կարող լինել, բայց մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ հարցերում ԲՀԿ-ն ցուցադրում է համերաշխություն քաղաքական այլ ուժերի հետ: Բնականաբար, Հանրապետականը ճնշումներ է գործադրում կոալիցիոն գործընկերների վրա, բայց մենք էլ` Հայաստանի այլ քաղաքական ուժերը, մեր կողմից պետք է այնպես վարվեն, որ այդ հնազանդեցման գործընթացը տապալվի»:

Պատասխանելով այն հարցին, թե ընդդիմադիր ՀԱԿ-ն իրո՞ք համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ ԲՀԿ-ի թիկունքում, ՀԱԿ-ի համակարգողն ասաց. - «Ինչքան ես հասկանում եմ` ԲՀԿ ինքը պաշտոնապես հերքում է իր կապը Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսինքն միայն այդ փաստը, որ հրապարակավ, պաշտոնապես նրանից ազատվում են, կարեւոր քաղաքական իրողություն է»:

Զուրաբյանը համաձայն էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, որ Վարդան Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի գործոնով: «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը այլեւս Վարդան Օսկանյանին պատասխանատու չի համարում 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների համար, եւ արդյո՞ք ԲՀԿ-ին անդամակցելով` նա ազատվում է այդ պատասխանատվությունից, Զուրաբյանն այսպես արձագանքեց. - «Մենք ամեն ինչ ժամանակին ասել ենք եւ մեր որեւէ խոսքից չենք հրաժարվում»:

Վարդան Օսկանյանը, ի դեպ, այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` ասելով, որ հարցազրույց չի տալիս:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքի հետ, որ Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ-ի թիկունքում պետք չէ ստվերներ փնտրել: Հարցին, թե ԲՀԿ-ն իրատեսական համարո՞ւմ է ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, Զոհրաբյանը պատասխանեց, որ ազատ եւ արդար ընտրությունների շուրջ կարեւոր է բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համախմբումը: Իսկ հարցին` եթե իշխող Հանրապետականը պատրաստ չլինի ազատ ու արդար ընտրությունների, ԲՀԿ-ն կհամագործակցի՞ ընդդիմության հետ եւ դուրս կգա՞ Հանրապետականի դեմ, Զոհրաբյանը պատասխանեց. - «Եկեք Կիկոսի մահվան պատմությունը չսարքենք, ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ եւս այդ հեքիաթը շատ արդիական է: Ես ասում եմ, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է իր հնարավորությունների, իր լիազորությունների, պատասխանատվության սահմաններում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար»:

please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG