Մատչելիության հղումներ

Ընտրությունների մասին որոշումը կկայացնի «Ժառանգության» խորհուրդը


Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում: 2-ը մարտի, 2012 թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում: 2-ը մարտի, 2012 թ.

«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարն այսօր որոշվեց, որ մարտի 18-ին կուսակցության խորհուրդը նիստ կանցկացնի, ուր եւ որոշում կկայացվի ընտրությունների առնչությամբ:

Նշենք նաեւ, որ այսօր համագումարն ընդունեց բանաձեւ, որով կոչ արեց «ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթներին լրատվամիջոցներում բազմիցս է շրջանառվել այն տեղեկությունը, թե գալիք խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հանդես են գալու համամասնական միասնական ցուցակով, եւ սպասվում էր, որ այսօրվա համագումարում այդ մասին կհայտարարվի պաշտոնապես:

«Հայաստանում առկա իրադրությունը հրամայական է դարձնում որակական իշխանափոխության անհրաժեշտությունը: Այսինքն` քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության համախմբման միջոցով պետք է ձեւավորվի իշխանափոխության նպատակ եւ դրա հետապնդումը», - համագումարում ունեցած ելույթի ընթացքում, մասնավորապես, նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Մենք ողջունում ենք հեռանկարային մեր համագործակցությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ եւ հույս տածում, որ…սա կունենա երկարատեւ, հեռանկարային շարունակություն: Գնահատում ենք Հայ Յեղափոխական Դաշնակության հետ մեր համագործակցությանը… Մենք ողջունում ենք այն ընդհանուր եզրերը, որ կարող ենք գտնել արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի եւ մյուսների, ինչպես նաեւ խորհրդարանական այլ ուժերի հետ»:

«Ժառանգության» համագումարին ներկա էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները` վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, վարչության անդամներ Ալեքսանդր Արզումանյանն ու Արարատ Զուրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այսօր ի վերջո հայտարարվելո՞ւ է, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին հանդես են գալու դաշինքով, Արարատ Զուրաբյանն արձագանքեց. - «Դուք խոսում եք, կարծում եմ, տեխնիկական կողմի մասին: Այսինքն` համագումարում կհայտարարվի, թե այսօր կձեւավորվի վարչությունը, որը վերջնական որոշում կկայացնի: Բայց ասեմ, որ այդ համագործակցությունը կարելի է արձանագրել, որ առկա է, եւ հավանաբար շատ շուտով նաեւ բոլորը կտեղեկանան, որ ձեւավորվելու է մի նոր դաշինք… Մնացածը արդեն զուտ տեխնիկական հատվածն է»:

Արդեն համագումարից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու դաշինքը համագումարի ընթացքում չձեւավորվեց, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Համագումարը որոշել է ընտրություններին վերաբերող բոլոր որոշումները վերապահել կուսակցական խորհրդին, որը կգումարի իր նիստը մարտի 18-ին»:

Դիտարկմանը, որ «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ որոշումն արդեն ընդունած է եւ այդ մասին կհայտարարվի իրենց համագումարում, որը կայանալու է մարտի 11-ին, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Երբ որ որոշում լինի, դուք դրա մասին կիմանաք: Ներկա դրությամբ կա գործընթաց, որ ընթացքի մեջ է: Բնական է, որ այդ գործընթացը արժանանում է տարբեր գնահատականների»:

XS
SM
MD
LG