Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողներին ասաց, որ այս ցուցանիշը համարում է լուրջ ձեռքբերում. - «Դա մեծ գործի միայն սկիզբն եմ համարում: Եթե մենք ափամաքրման աշխատանքները չշարունակենք եւ չկարողանանք դրական տեղաշարժեր ունենալ, այդ երերուն ցուցանիշը կարող է նաեւ կրկին վատանալ»:

Մովսիսյանը նշեց, որ նիստի ընթացքում հաստատվել է հանձնաժողովի 2012 թվականի գործունեության ծրագիրը, որն ուղղված է լինելու լճի բնական պաշարների պահպանմանը, վերականգնմանը եւ վերարտադրությանը, զարգացմանն ու օգտագործմանը:

Մովսիսյանը Սեւանի հարցում երեք կարեւորագույն խնդիր է առանձնացնում: Դրանցից առաջինը լճի մակարդակի բարձրացումն է: Մովիսիսյանը դա արդեն համարում է լուծված խնդիր: Երկրորդ խնդիրը ջրի մաքրության, երրորդը` լճի կենսաբազմազանության ապահովումն է:

Այս խնդիրների վրա ազդող գործոններից Մովսիսյանն առանձնացրեց փոքր հիդրոէլեկտրակայաններն ու հանքարդյունաբերությունը:

Սեւանին մոտ գտնվող Սոտքի հանքը շահագործում է Geopromining Gold ընկերությունը: Մովսիսյանն ասում է, որ այժմ հետազոտվում է ընկերության տեղադրած ջարդիչ տեսակավորող սարքի ազդեցությունը ավազանի վրա:

«Եթե պարզվի, որ այն բացասական ազդեցություն ունի, ապա տարածքից կհանվի», - նշում է նա:

Մյուս խնդիրն այս ոլորտում ծանր մետաղների առկայությունն է: Հանձնաժողովի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը մատնանշում է Մասրիկ գետում մետաղների քանակության առկայությունն, ինչը, իր հերթին, ազդում է լճի էկոլոգիայի վրա:

«Բայց ես նաեւ գոհունակությամբ կարող եմ ասել, որ այն առաջարկությունները, որոնք մշակվել են այստեղ, հիմնականում ընդգրկվել են այն ծրագրում, որը մենք քննարկեցինք այսօր եւ հաստատեցին», - հավելեց Դանիելյանը:

Սեւանի ավազանի գետերի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանները վնասակար ազդեցություն է թողնում լճի կենսաբազմազանության վրա: Մովսիսյանն ասում է, որ անցած տարի Կառավարությունը որոշել է այլեւս թույլ չտալ փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել ավազանի գետերի վրա:

«Ես այս լճի լավացումը վերագրում եմ նաեւ տնտեսական գործունեության որոշակի զսպվածությանը», - նշեց Վլադիմիր Մովսիսյանը:

«Հիմա մենք նկատում ենք, որ գնում ենք դեպի կենսաբազմազանության այն տեսականին, որը բնորոշ էր այն ժամանակ, երբ Սեւանը իրոք մաքուր լիճ էր», - հավելեց Կարինե Դանիելյանը:

Անցած տասը տարիներին Սեւանա լճի մակարդակը բարձացել է մոտ 4 մետրով: 2001-ից մինչեւ 2031 թվականը այն պետք է բարձրանա եւս 6 մետրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG