Մատչելիության հղումներ

Վերլուծաբանը ԱՄՆ-ին քննադատում է հայ-թուրքական երկխոսության տապալման համար


ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպս
ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպս

Դեյվիդ Ֆիլիպսի խոսքով, վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում մեղքի բաժին ունի նաեւ Վաշինգտոնը։

«Միացյալ Նահանգները մեղքի իր բաժինն ունի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում»: Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում այսօր հրապարակած իր ծավալուն մենագրության մեջ նման եզրահանգման է եկել ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսը, ով նախկինում ակտիվորեն ներգրավված է եղել հայ-թուրքական երկխոսության գործընթացում:

Ֆիլիպսի գնահատմամբ, Օբամայի կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել հայ -թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ շաղկապելու` Թուրքիայի կեցվածքը կանխելու ուղղությամբ: Ամերիկացի քաղաքագետը Միացյալ Նահանգներին նաեւ կոչ է անում վերանայել հայ թուրքական հարաբերություններին առնչվող` Վաշինգտոնի ռազմավարությունը, ինչը հնարավորություն կտա Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած հայկական կոտորածները ցեղասպանություն որակելը դիտարկել իբրեւ տարբերակ:

«2009 թվականի ապրիլին Թուրքիա կատարած իր այցի ժամանակ Օբաման ձեռքից բաց թողեց արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան բանակցությունների հետ չկապելու հանգամանքը վերահաստատելու հնարավորությունը: Ամերիկյան պաշտոնատարները չկարողացան ճշգրտորեն գնահատել Թուրքիայում վավերացման հանդեպ եղած ընդդիմության աստիճանը», - իր մենագրությունում գրում է Ֆիլիպսը եւ շարունակում: - «Թեեւ ամերիկյան ազդեցությունը բավական էական էր արձանագրությունների ստորագրման հարցում, Օբամայի վարչակազմը բյուրոկրատիզացրեց գործընթացի շարունակությունը: Հարկ էր, որ Վաշինգտոնը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցով հատուկ բանագնաց նշանակեր, որը շատ օգտակար դերակատարություն կարող էր ունենալ` գործընթացի տեմպը պահպանելու առումով: Դա կարեւոր կլիներ նաեւ Վաշինգտոնի ջանքերը համակարգելու, ինչպես նաեւ կողմերի ուշադրությունը նախապայմանների առաջադրումից հաջորդ քայլերի վրա կենտրոնացնելու հարցում»:

130 էջ ծավալ ունեցող այս մենագրությունը մանրամասն տեղեկատվություն եւ վերլուծական նյութ է պարունակում ինչպես երկխոսության ձախողման, այնպես էլ այն զարգացումների մասին, որոնք հանգեցրին 2007 թվականի վերջերին, Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ, Շվեյցարիայի միջնորդությամբ հաջողությամբ մեկնարկած գործընթացին: Գործընթաց, որին Վաշինգտոնը լիարժեքորեն սատարում էր:

Դեյվիդ Ֆլիպսն իր մենագրությունում նաեւ հիշեցնում է թուրք պաշտոնատարների այն հետեւողական պնդումները, ըստ որոնց արձանագրությունները կրում են Ղարաբաղի հետ կապին վերբերող ոչ բացահայտ` թաքնված հղումներ: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության անանուն մի պաշտոնյա Ֆիլիպսի հետ զրույցում ասել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա էր ջենտլմենական համաձայնություն` երկկողմ կապերն ու Ղարաբաղի խնդիրն իբրեւ զուգահեռ գործընթացներ դիտարկելու վերաբերյալ: Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին եւս քաղաքագետին ասել է, թե այդ գործընթացները միմյանցից ամբողջությամբ անջատ չեն:

«Ըստ Ջեֆրիի, Օբաման 2009-ի ապրիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում նախագահ Գյուլի կամ վարչապետ Էրդողանի հետ այդ գործընթացների` կապված չլինելու հարցը չի քննարկել: Փոխանակ դա անելու, Օբաման լռել է», - գրում է Ֆիլիպսը` հիշատակելով ամերիկացի մեկ այլ դիվանագետի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը Թուրքիայի կողմից արձանագրությունների` առանց նախապայմանների վավերացումից հրաժարման դեպքի համար նախատեսել էր պլան բ-ն: Այստեղ Ֆիլիպսը նշում է` «սակայն որեւէ ակնհայտ այլընտրանքային պլան չկար, բացի թերեւս Սարգսյանին համոզելը, որ վերջինս ստորագրությունը ետ վերցնելու փոխարեն միայն կասեցնի արձանագրությունները»:

Հիշեցնենք` 2010 թվականին Երեւան կատարած այցի ժամանակ Ֆիլիպսը խոսել էր Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի հանդեպ առավել մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: «Եթե Օբամայի վարչակազմն ամենաբարձր մակարդակով ճնշում չգործադի Անկարայի հանդեպ, այնտեղ արձանագրությունների վավերացման հավանականությունը կնվազի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այն ժամանակ ասել էր Ֆիլիպսը:

Մենագրության մեջ Ֆիլիպսը քննադատում է նաեւ Հայաստանին` այն բանի համար, որ Երեւանը համաձայնեց Անկարայի հետ հանդես գալ կարգավորման ճանապարհային քարտեզի մասին համատեղ հայտարարությամբ` 2009 թվականի ապրիլի 22-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից ընդամենը երկու օր առաջ: Հեղինակն այստեղ մեջբերում է անանուն մի հայ պաշտոնյայի, ով հաստատել է, թե դա արվել է Ցեղասպանության ճանաչման խոստումից Օբամայի ետ կանգնելը հեշտացնելու համար:

«Վաշինգտոնը ցանկացել է, որ այդպիսով Օբաման պարտավորված չլինի իր ուղերձում օգտագործել «Ցեղասպանություն» բառը։ Թուրքերն ակնկալել են, որ մենք կհրաժարվենք, սակայն մենք մոլորեցրինք նրանց», - Ֆիլիպսին ասել է հայ պաշտոնյան:

Հեղինակը հիշեցնում է նաեւ, որ հիշյալ համատեղ հայտարարությունից հետ իշխանական կոալիցիային անդամակցող ՀՅԴ-ն իբրեւ բողոքի նշան լքեց կոալիցիան: Ըստ ամերիկացի քաղաքագետի, արձանագրությունները հազիվ թե վերակենդանանան իրենց ներկա տեսքով: Սակայն Ֆիլիպսը կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը կարող է բացվել նաեւ առանց դրանց վավերացման:

Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004 թվականներին համակարգում էր Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Այդ հանձնաժողովի ստեղծումը, հիշեցնենք, հարուցել էր հայաստանյան որոշ շրջանակների, մասնավորապես Դաշնակցության սուր քննադատությունը:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG