Մատչելիության հղումներ

logo-print
Բացի Հանրապետականից, խորհրդարանական մյուս ուժերը դեմ չեն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի սահմանադրականությունը հետագայում, օրենք դառնալու դեպքում որոշի Սահմանադրական դատարանը:

Խորհրդարանական ընդդիմությունը օրինագիծը հակասահմանադրական է համարում` պնդելով, որ բանակը քաղաքական գործընթացներում չպետք է ներգրավված լինի: Երեկ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում նշված է, որ Զինված ուժերը արտակարգ դրության ժամանակ կարող են մասնակցել գործընթացներին:

Խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն ընդունվի, Դաշնակցություն խմբակցությունը մտածում է ստորագրահավաք անցկացնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին:

«Չենք ուզում առաջ ընկնել, որպեսզի ստորագրահավաքի մասին խոսակցությունները սպառնալիք չլինեն, քանի դեռ օրենքը ընդունված չէ: Մենք հուսով ենք, որ դեռ ինչ-որ բան միգուցե հաջողվի կանխել», - ասաց Հովհաննիսյանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Ռաֆիկ Պետրոսյանը եւս օրինագիծը Սահմանադրությանը հակասող է համարում: Օրինագծի առաջին ընթերցման քննարկումների ժամանակ նա հղում կատարեց Սահմանադրության մեկնաբանությունների պաշտոնական հրատարակությանը, որտեղ Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը եզրահանգման է եկել, որ քաղաքականությունը զինվորականների գործը չէ:

«Ես հենվում եմ Անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Բաղդասարյանի գրած գլխի վրա. նա գրում է, որ Զինված ուժերը չպետք է մասնակցեն քաղաքականությանը եւ քաղաքական պայքարին, չմիջամտեն քաղաքական գործընթացներին: Թողեք մեր բանակին հանգիստ», - հայտարարեց Պետրոսյանը:

Լրագրողները խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին հիշեցրին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի Սահմանադրության մեկնաբանությունները եւ հետաքրքրվեցին` Բաղդասարյանի այս մտքերն ու ՕԵԿ-ի` օրինագծին կողմ լինելը չեն հակասո՞ւմ միմյանց:

«Եթե կան հակասություններ, կդիմենք Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը այդ հակասությունները կվերացնի», - ասաց Հեղինե Բիշարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իրենց փորձագետները, իրավաբանները արդեն աշխատում են օրինագծի վրա, իրենք առաջարկներ կներկայացնեն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում բանակի ներգրավումը ԲՀԿ-ի՞ մոտ էլ հարցեր առաջացնում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես այդ հարցին կարող եմ պատասխանել, երբ մեր փորձագետները, իրավաբանները ավարտեն քննարկումը եւ ներկայացնեն խմբակցության քննարկմանը»:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ն ներկայացնող Սամվել Բալասանյանը հավելեց` անհրաժեշտության դեպքում ԲՀԿ-ն եւս դեմ չէ Սահմանադրական դատարան դիմելուն:

Իսկ Հանրապետականը կարծում է, որ այս վեճը անիմաստ է, քանի որ արտակարգ դրության մասին օրինագիծը Սահմանադրության հետ հակասություններ չունի:

«Նախ չեմ կարծում, որ այստեղ Սահմանադրական դատարանի խնդիր կառաջանա, բայց շատ լավ է, որ կան մարդիկ, ովքեր մտահոգվում են, եւ եթե մեկ անգամ Սահմանադրական դատարանում էլ դա լսվի, դա կնպաստի իրենց մտահոգությունները ցրելուն: Կարող են պայքարել», - ասաց Սահակյանը:

Սահմանադրական դատարան դիմելու համար պատգամավորներին անհրաժեշտ կլինի առնվազն 27 ստորագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG