Մատչելիության հղումներ

Մարտի 2-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - ««Երեկ ՀԱԿ առաջնորդը մինչ միտինգային ելույթն սկսելը, դիմելով Թատերական հրապարակում հավաքվածներին, ասաց. - «Զգում եմ, որ արդեն մրսում եք»: Իսկ երբ ունկնդիրները բացասաբար արձագանքեցին, Տեր-Պետրոսյանը հակադարձեց. - «Էդ գլուխ եք գովում, որ չեք մրսում»: Պարզվեց մրսել-չմրսելու ստուգողական աշխատանքը անհրաժեշտ էր, քանի որ Տեր-Պետրոսյանը մտադրվել էր կարդալ իր ելույթի կրճատված տարբերակը, եւ այդպես էլ ասաց. - «Կկրճատեմ իմ ելույթը»: Այդ պահին, բնականաբար, իրենից բացի ոչ մեկին հայտնի չէր ելույթի բովանդակությունը, իսկ երբ սկսեց ընթերցել, պարզ դարձավ, թե ինչու էր ցանկանում ներկայացնել տեքստի կրճատված տարբերակը: Թերեւս Տեր-Պետրոսյանն ինքն էլ էր դժգոհ իր պատրաստած ելույթից»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենահետաքրքիր մասը, իմ կարծիքով, նվիրված էր Երկրապահ կամավորականների միությանը: Արձանագրելով, որ փետրվարի 18-ին ԵԿՄ-ն որոշել է անվերապահորեն լծվել «Սերժ Սարգսյանի ճռռացող սայլին», ՀԱԿ առաջնորդը դա անվանեց «անվայել փոխակերպում», «Վազգեն Սարգսյանի ժառանգության պղծում», «կազմակերպության վախճան» եւ «պատեհապաշտ նոմենկլատուրային վերնախավի դիրքորոշում»: Դրանից կարելի է ենթադրել, որ մինչեւ այս տարվա փետրվարի 18-ը այդ կազմակերպությունն ուներ այլ դիրքորոշում՝ ազատամիտ, արդարամիտ եւ իշխանության կամքից անկախ: Հավանաբար, հենց այդպիսի որակներ էին դրսեւորել երկրապահները, երբ 95 թվականին ծեծում էին քրիշնայականներին եւ այլ՝ իրենց կարծիքով, «աղանդավորների», կամ՝ երբ հունիսի 4-ի ԱԺ ընտրությունների երեկոյան Ազատության հրապարակում հարձակվել էին ընտրություններից դժգոհ քաղաքացիների վրա: ԵԿՄ-ն, հավանաբար, պատեհապաշտ չէր, երբ 1996 թվականին հայտարարեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Հետաքրքիր է՝ ո՞ւմ ճռռացող սայլին էին նրանք այն ժամանակ լծվել»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Պարզվում է, որ Հայաստանում հայտնաբերված անօրինական զինապահեստի տերը ՀՅԴ անդամ է: Պարզ է, որ նախընտրական թեժացող ժամանակահատվածում այդ հանգամանքը առանձնակի հետաքրքրականություն է ստանում: Առաջանում են հարցեր, թե արդյոք ՀՅԴ-ական զինատիրոջ հայտնաբերումը ունի՞ քաղաքական ենթատեքստ, արդյոք իշխանությունը նրան պահել էր նախընտրական ժամանակահատվածի՞ համար՝ այդպիսով Դաշնակցությանը ստիպելով որոշակի համաձայնությունների գնալ քաղաքական հարցերում: Բանն այն է, որ ներքաղաքական գործընթացում իշխանությունը մի անգամ արդեն իսկ կիրառել է այդպիսի մեթոդաբանություն՝ ԲՀԿ հանդեպ, երբ սկսեցին ԲՀԿ-անդամների ձերբակալություններ, Գագիկ Ծառուկյանի ամենամերձավոր անդամների ձերբակալություններ, իհարկե քրեական պատրվակներով, բայց հստակ քաղաքական միտվածությամբ: Արդյունքը եղավ այն, որ «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց իր շատ ու շատ քաղաքական հավակնություններից, մինչեւ անգամ մեծամասնական ընտրատարածքներում 41 թեկնածու առաջադրելու մտադրությունից, իսկ ՀՀԿ հետ էլ կնքեց, այսպես ասած, քաղաքակիրթ մրցակցության հուշագիր՝ փաստացի ընդունելով, որ չի լինի անքաղաքավարի եւ չի խլի ՀՀԿ տեղը խորհրդարանում»:

«Իրավունք»-ը Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն գաղափարապես աջակցում է ՀԱԿ-ի եւ այլոց` Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հանրահավաքին, 100 տոկոս համամասնականին անցնելու վերաբերյալ»: Պատասխան. - «Սա ավելի շուտ շահարկման քաղաքական հնարքներ են: Ես ԱԺ-ում եւս ասել եմ, որ չպետք է ընկնել ձեւի հետեւից, այլ բովանդակության: Եթե ցանկանում են, որ լինեն ազատ ու արդար ընտրություններ, ապա թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը պետք է ցուցաբերեն քաղաքական կամք եւ անեն ամեն բան, որ երկրում ընթանան ժողովրդավարական գործընթացներ: Այս մի քանի տարիները ցույց են տվել, որ կոնկրետ Հանրապետականը ունի քաղաքական կամք, հանդուրժող ենք, համագործակցող ենք, երկխոսող ենք, եւ միայն հզոր քաղաքական ուժը կարող է գնալ հանդուրժողականության ճանապարհով: Բացի այդ, եթե ուզում են, որ լավ լինի, ապա թող ժամանակին գան քվեարկեն, էլ չեմ ասում, որ ասում են` կոռուպցիոն ռիսկեր կան ու նաեւ պնդում, որ եթե լինի համամասնական, ապա ՀՀԿ-ն չի հաղթի, ուստի թարմացնեմ նրանց հիշողությունը, որ երեք տարի առաջ տեղի ունեցավ Երեւանի ավագանու համամասնական ընտրություն, որտեղ ՀՀԿ-ն հաղթել է»:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Ռաֆիկ Պետրոսյանը, «Իրատես de facto»-ին ասում է. - «Ես հրաժարվել եմ մեծամասնականով առաջադրվել, հույս ունենալով, որ կուսակցությունը, հաշվի առնելով, որ 3 անգամ մեծամասնականով ընտրվել ու աշխատել եմ, համամասնական ցուցակ կմտցնի: Ես չեմ հրաժարվել ընդհանրապես պատգամավոր լինելուց: Այս տարիքում էլ չեմ գնա բակերում կանգնեմ ու ասեմ՝ եկեք, ինձ ընտրեք: եթե մի անգամ հեռուստատեսությամբ ելույթ ունենամ և իմ ուսանողներին (մենակ 10 հազար շրջանավարտ ունեմ) ու բարեկամներին կոչ անեմ, նրանք կաշխատեն ՀՀԿ-ի օգտին: Բացի այդ, իմ գյուղում, որտեղ ծնվել եմ, մեծամասնությունը Պետրոսյան է»:


please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG