Մատչելիության հղումներ

Քոչարյանը «քաղաքական գործոն» չի կարող դառնալ


Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքում
please wait

No media source currently available

0:00 0:34:27 0:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքում

«Ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որեւէ հնարավորություն չունի։ Ավելին, քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել», - հինգշաբթի օրը Ազատության հրապարակում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում իր ելույթում նորանկախ Հայաստանի առաջին նախագահը Ռոբերտ Քոչարյանի հետ Գագիկ Ծառուկյանի ու Վարդան Օսկանյանի մտերմական հարաբերությունները որակեց «քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ»:

Ըստ նրա, Վարդան Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) պայմանավորված է եղել ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործոնով, այլ բխել է ԲՀԿ-ի եւ Օսկանյանի «կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերից»։

«Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռք բերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը։ Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ եթե Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստան»-ին խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա «նրա քայլը կարելի է միայն ողջունել»։

«Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, եւ այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել», - հավելեց Տեր-Պետրոսյանը:

Նա դրական գնահատեց «Բարգավաճ Հայաստան»-ի, Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» եւ այլ քաղաքական ուժերի միջեւ արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված կառուցողական երկխոսությունը: Չնայած խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի կարծիքով` «նշված ուժերի անկեղծ համագործակցությունը լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձեւավորելու համար»։

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ի հայտ եկավ իշխանությունների կողմից «ընտրակեղծարարության ավելի նուրբ մեխանիզմերի» կիրառման «դառը իրողությունը», ինչը «խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, դաս պետք է հանդիսանա բոլոր ընդդիմադիր ուժերի համար»:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու` Երկրապահ կամավորականների միության որոշմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը դա համարում է «ոչ թե ԵԿՄ-ի հազարավոր շարքային անդամների, այլ պատեհապաշտ նոմենկլատուրացված վերնախավի դիրքորոշումը, որին, ցավոք, հաջողվեց արատավորել երկրապահի պատիվը»:

«ԵԿՄ-ն հայտարարեց, որ անվերապահորեն լծվում է Սերժ Սարգսյանի ճռռացող սայլին: Իսկ քանի որ այդ սայլը թավագլոր սուրում է դեպի երկրի անխուսափելի կործանում, երբեմնի փառապանծ կազմակերպությունը փաստորեն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից, այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ», - հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին Տեր-Պետրոսյանը երկար չխոսեց. հայտարարեց, որ «խորհրդարանական ընտրությունները նախադրյալ են հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար» եւ տեղեկացրեց, որ ինքն է «տեսքի բերելու» ՀԱԿ-ի համամասնական ցուցակը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ կուսակցություններին երկար ժամանակ չէր հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ցուցակի շուրջ, ուստի փետրվարի 28-ին Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ կայացված որոշմամբ դաշինքին մաս կազմող ուժերի համամասնական ցուցակը «վերջնական տեսքի բերելու պարտականությունը» դրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:

«Ենթարկվելով Կոնգրեսի կամքին, ես հլուհնազանդ ստանձնել եմ այդ ծանր պարտավորությունը` գիտակցելով նրա ողջ պատասխանատվությունը», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մարտի 1-ի թեմային անդրադառնալով` ՀԱԿ առաջնորդը «խայտառակ փաստաթուղթ» որակեց դեկտեմբերի վերջին ՀՔԾ-ի հրապարակած տեղեկատվական հաղորդումը:

«Նշված հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը եւ ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջը, իսկ ըստ էության, փակված համարեց մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը։ Այսինքն, իշխող վարչախումբը, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը եւ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած եւ տասը անմեղ քաղաքացու կյանքը խլած մարդասպաններն անպատիժ են մնալու», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքին ներկա էին նաեւ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները: Ելույթներ ունեցան «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք հայտարարեցին «քաղաքական ակտիվ պայքարի նոր փուլ» սկսելու մասին` խորհրդարանական ընտրությունները համարելով նախագահական ընտրությունների «առաջին փուլ»:

Հանրահավաքի սկզբում եւ ավարտին հավաքվածները հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը, անուն առ անուն թվարկելով նրանց անունները:

Հանրահավաքի ավարտին ցուցարարները շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը, ծաղիկներ դնեցին եւ մոմեր վառեցին զոհերի նկարների մոտ:

Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա մարտի 30-ին:

please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG