Մատչելիության հղումներ

Բանակում այս տարի արդեն մահվան 8 դեպք է գրանցվել


Բողոքի ցույց ընդդեմ բանակում գրանցված մահվան դեպքերի, արխիվային լուսանկար
Բողոքի ցույց ընդդեմ բանակում գրանցված մահվան դեպքերի, արխիվային լուսանկար
Պաշտպանության նախարարությունը ներողություն է խնդրում բանակում մահացած զինծառայողների կյանքը փրկել չկարողանալու համար:

Այս տարվա երկու ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է մահվան 8 դեպք: Մահացած 8 զինվորներից երեքը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել, մեկը սպանվել է: Մի զինվոր զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, մեկը` արձակուրդի ժամանակ վթարի, երրորդը` թոքաբորբի, չորրորդը` զենքի հետ վարման կանոնների խախտման հետեւանքով:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավատացնում է, որ նախարար Սեյրան Օհանյանն ու նախարարությունը անում են հնարավորը ոչ միայն կանխելու մահվան դեպքերը, այլեւ պատժելու մեղավորներին:

«Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է բոլոր զոհված զինծառայողների հարազատներին: Մենք ներողություն ենք խնդրում, որ չենք կարողացել փրկել զոհված զինծառայողների կյանքը եւ միաժամանակ վստահեցնում ենք, որ հարուցված քրեական գործերի շրջանակում արվում է ամեն ին` դեպքերի բոլոր մանրամասները բացահայտելու եւ բոլոր մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար», - ասաց Կարապետյանը:

Վերջին` ութերորդ դեպքը, գրանցվել է երեկ: Զորամասերից մեկում մահացել է շարքային զինծառայող, Աբովյան քաղաքի բնակիչ Տիգրան Վարյանը: Արդեն հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:

Կարապետյանը տեղեկացրեց, որ այս օրերին Զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի կանխվեն բանակում տեղի ունեցող հանցագործությունները, կարգուկանոնի խախտումները:

«Ես կարող եմ նշել, որ կանխարգելիչ մեծ, լայնամաստշտաբ միջոցառումներ են ձեռնարկվում նաեւ այս օրերին Զինված ուժերի տարբեր զորամասերում` բարձրաստիճան զինվորականների այցելություններ, մեթոդական ցուցումներ, բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքները, կարծում եմ, կերեւան առաջիկա ամիսների ընթացքում», - ասաց Կարապետյանը:

Իրավապաշտպան-լրագրող Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, բանակում տիրող վիճակը համարում է անվերահսկելի ու անպատժելի: Ալեքսանյանը, վկայակոչելով երեկվա մահվան դեպքն, ասում է, որ զինվորի դիակի վրա բռնության հետքեր են եղել:

«Դիահերձումից հետո պարզվել է, որ զինվորի վրա բռնության հետքեր կան, ու դեպքից անմիջապես հետո տարածվում է ինքնասպանության վարկածը, չես հասկանում, թե դա ինչպե՞ս է արվում: Բոլոր զինվորները կզակի տակից հրազենային կրակոցից են մահանում, եւ փորձում են սրանով ցույց տալ, որ ինքնասպանություն է տեղի ունեցել: Ի վերջո ի՞նչ է ստացվում` մի մասը սպանվում է, մի մասը դատվում է, ու բոլորը շարքային զինծառայողներ», - ասաց Ալեքսանյանը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը նշում է, որ հասարակության աջակցության հետ համատեղ համալիր միջոցառումների շնորհիվ անհրաժեշտ է փոխել իրավիճակը բանակում: Կարապետյանը կարեւորում է նաեւ քաղաքացիական վերահսկողությունը բանակի նկատմամբ: Մինչդեռ Ալեքսանյանը կարծում է, որ վաղուց ժամանակն է, որ նախարար Սեյրան Օհանյանը հրաժարական տա:

«Գո՞ւցե կգտնվի մեկը, ով կամք կունենա… ամեն դեպքում մենք արդեն չորս տարի տեսնում ենք, որ Սեյրան Օհանյանը այդ կամքը չունի», - ասաց նա:

Մինչ պաշտպանության նախարարությունում ասում են, թե բացի քրեական գործերից, նաեւ ծառայողական քննության արդյունքում հրամանատարական կազմի անդամներ են պատասխանատվության ենթարկվում, Ալեքսանյանը հակառակն է պնդում:

«Դրվածք է չբացահայտել գործերը, այսինքն սպանությունը դարձնել ինքնասպանություն, դժբախտ պատահար, անզգույշ կրակոց, եւ այսպիսով չեն պատժվում [մեղավորները]: Կոնկրետ Տիգրան Համբարձումյանի գործով, երբ այդ փոքր զորամասում, որտեղ ընդամենը 100 զինվոր է ծառայում, շտաբի պետը, ում եւ կասկածում էր զինվորի հայրը, որ կապ ունի տղայի մահվան հետ, նրան կապիտանից մայոր են դարձրել: Տեղյակ չէ՞ Սեյրան Օհանյանը. Կարծում եմ, որ տեղյակ է», - ասաց իրավապաշտպանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG