Մատչելիության հղումներ

Գրքերի «հարկային բեռը չի ավելացել»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց, որ մեծ թվով մտավորականներից նամակ են ստացել` կապված գրքերի գների թանկացման հետ, եւ այդ հարցով պարզաբանումներ խնդրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից:

Երեքշաբթի օրը խնդրի առնչությամբ ֆինանսների նախարարությունում հանդիպում էր եղել գրահրատակիչների եւ գրավաճառների հետ:

«Մենք գրքերի վերաբերյալ որեւէ հարկային բեռ չենք ավելացրել 2011-2012 թվականների ընթացքում, այսինքն նոր օրինագիծ կամ կառավարության որոշում, որից բխեր, որ գրահրատարակության ոլորտը լրացուցիչ հարկերով է հարկվում, չի եղել», - պարզաբանեց նախարարը:

Ըստ նախարարի` պարզապես տարընթերցում է եղել «Ավելացված արժեքի մասին» օրենքում:

«Ուղղակի շատ գրողներ բարձրացնում են այլ հարց. նրանք առաջարկում են նոր արտոնություն տալ գրահրատարակության ոլորտին: Այսինքն ոչ թե եղած վիճակն է վատացել, այլ առաջարկում են նոր արտոնություններ տալ գրահրատարակության ոլորտին», - ասաց Վաչե Գաբրիելյանը:

Վարչապետը հարցրեց, թե կարելի՞ է ենթադրել, որ այս պարզաբանումներից հետո գրքերի գները կնվազեն, նախարարն էլ վստահեցրեց, որ կնվազեն:

«Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում դրանք տնտեսաիրավական հարաբերություններ են, որոնք որեւէ կերպ պայմանավորված չեն հարկային հարաբերություններով։ Այսինքն, ուղղակի երկու սուբյեկտներ իրար մեջ գնային համաձայնության չեն եկել և տարբեր գներ են օգտագործում», - բացատրեց ֆինանսների նախարարը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց` այս դեպքում պետք է պարզել դաշտում մրցակցության հարցը, եւ հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին ուսումնասիրել, թե արդյո՞ք ոլորտում բավարար են մրցակցային պայմանները:

«Նոյան տապան» գրախանութի գրքերի բաժնի հաշվապահ Մարգարիտա Գուրգազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց գրախանութում գրքերի թանկացումը պայմանավորված է եղել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի պահանջով:

«Օրենքի փոփոխությունների համաձայն` եթե մենք նախկինում գիրքը հեղինակից վերցնում էինք 3000 դրամով, վաճառում 4300-ով, մենք բոլոր հարկերը վճարում էինք 1300 դրամից` մեր գանձույթից, իսկ այդ փոփոխություններով պետք է ամբողջ գումարից վճարենք: Դա նշանակում է, որ մենք այդ գնով գիրքը վաճառել պարզապես չենք կարող», - ասաց Գուրգազարյանը` հավելելով, որ չնայած օրենքի պահանջին, դեռ չեն հասցրել թանկացնել բոլոր գրքերը:

Ինչ վերաբերում է օրենքի տարընթերցումներին ապա «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ԱԱՀ մասին օրենքի համապատասխան հոդվածը մի քանի անգամ կարդալուց հետո է միայն ընկալել դրա պահանջը:

Այդուհանդերձ, Մարտիրոսյանը կարծում է, որ օրենքը լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջացնում, հետեւաբար գրքերը չպետք է թանկանային, հակառակ դեպքում էլ հարկային տեսուչը յուրովի մեկնաբանելով օրենքը, կարող էր տուգանել գրավաճառին, եթե չթանկացնեին գրքերը:

«Գրքերի գները բարձրացրել են գրախանութների հաշվապահների պահանջով, որոնք չեն ուզում իրենց ճիշտը ապացուցել ոչ դատարանում, ոչ հարկային տեսչությունում: Սա հստակ է», - ասաց նա:

Հայ գրողներին իրենց հերթին պահանջում են հանել գրքից 20 տոկոս ԱԱՀ-ն, այսինքն ընդհանրապես հարկերից ազատել գիրքը:

Հիշեցնենք` ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը 2012 թվականին հռչակել է գրքի համաշխարհային մայրաքաղաք` ի նշանավորումն հայ գրատպության 500-ամյա հոբելյանի:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG