Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է աննախադեպ ծավալի ապօրինի զինանոց


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ այն անձը, ում պատկանող շինությունում երեկ հայտնաբերվել է ապօրինի պահվող աննախադեպ զինանոց, ձերբակալվել է: Նա Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի պարետ, 47-ամյա Արշավիր Կարապետյանն է, նախնական տվյալներով` Դաշնակցության անդամ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից:

Զինանոցը հայտնաբերվել է Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում: Ոստիկանության տեղեկատվության համաձայն, զինանոցում հայտնաբերվել է մեծ քանակությամբ մարտական տեխնիկա, որով հնարավոր կլիներ զինել մի ամբողջ վաշտ կամ գումարտակ.

«Աննախադեպ ծավալներ են եղել. միայն 26 միավոր հրազեն է եղել, հազարավոր փամփուշտներ… Աննախադեպ զինանոց», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը` նշելով, որ զինանոցը հայտնաբերվել է օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված խուզարկության արդյունքում:

Հայտնաբերվել են նաեւ դիպուկահար հրացան, գնդացիրներ, նռնականետեր, հակատանկային նշանականետի հրթիռներ, հակատանկային նռնակ, մարդու ուրվապատկերով թիրախներ եւ այլն:

Հարցին, թե հնարավոր է նախկինում այս զենքերից հանցագործություններ կատարված լինեն, որոնք դեռեւս բացահայտված չեն, Աշոտ Կարապետյանը պատասխանեց, որ նշանակված է փորձաքննություն. - «Հանրապետությունում ինչքան զենքով կատարված հանցագործություն կա գրանցված, այդ բոլոր հայտնաբերված զենքերը միանշանակ պետք է ստուգվեն այն դեպքերով, որոնք չեն բացահայտվել»:

Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», որի համար նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է:

Հիշեցնենք, զինանոցը անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ հայտնաբերելուց ընդամենը երկու օր առաջ` փետրվարի 27-ին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում: Հարցին, թե զինանոցի հայտնաբերումն արդյո՞ք չունի քաղաքական դրդապատճառներ, գուցե Դաշնակցության դեմ է ինչ-որ արշա՞վ սկսվում, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը արձագանքեց. - «Մեզ քաղաքական, կուսակցական պատկանելությունը չի հետաքրքրում: Ցանկացած քաղաքացի, երբ կատարեց հանցագործություն, մենք անկուսակցականներս` ոստիկաններս պատրաստ ենք ադեկվատ քայլեր անելու»:

ՀՅԴ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատելով, որ Արշավիր Կարապետյանը շարքային դաշնակցական է եւ ղարաբաղյան պատերազմի մասնակից` ձեռնպահ մնաց քաղաքական գնահատականներից: Նա հայտարարեց, որ կուսակցությունը տեղեկություններ չի ունեցել այդ զինանոցի մասին, դեռեւս հստակ չէ, թե որքանով է Արշավիր Կարապետյանն առնչվել դրան, ուստի սպասում են քննության արդյունքներին:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործի հետ կապված ինֆորմացիա շատ չունի, որեւէ մեկնաբանություն տալ չի կարող, քանի դեռ քննության արդյունքները չկան` միաժամանակ հավելելով, որ ինքն այստեղ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG