Մատչելիության հղումներ

Քլինթոնը շարունակում է խուսափել ցեղասպանություն բառից


ԱՄՆ - Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, 29-ը փետրվարի, 2012թ.
ԱՄՆ - Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, 29-ը փետրվարի, 2012թ.
ԱՄՆ-ի պետքարտուղարի Հիլարի Քլինթոնը կրկին խուսափում է 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելուց:

Դա պարզ դարձավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ, երբ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆն ուղղակիորեն դիմեց Պետդեպարտամենտի ղեկավարին:

«Ընդամենը քանի տարի առաջ թե՛ դուք եւ թե՛ այն ժամանակ սենատոր հանդիսացող Բարաք Օբաման հանդես եկաք մի հայտարարությամբ, որում, մասնավորաբար, նշում էիք. - «1915 թվականի իրադարձությունները օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի հանդեպ իրականացված համակարգված ու կանխամտածված Ցեղասպանություն էին»: Անցած ամիս, սակայն, դուք սրանից միանգամայն տարբերվող մեկ այլ հայտարարություն հնչեցրեցիք` ասելով, թե հարցը պետք է դառնա պատմաբանների քննարկման առարկա: Ցավոք սրտի, այս մոտեցումը լիովին համահունչ է թուրքական կառավարության տեսակետին: Ամերիկահայերը ցանկանում են հասկանալ` ինչպես ստացվեց, որ Սենատում արտահայտված նման ազդեցիկ դիրքորոշումն ի վերջո վերափոխվեց այսպիսի մոտեցման», - նշում էր Ադամ Շիֆը:

«Միացյալ Նահանգները 1915 թվականի իրադարձությունները 20-րդ դարի վատթարագույն ոճրագործություներից մեկն է ճանաչում: Ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ` հարգանքի տուրք մատուցելով զոհերին եւ ամերիկացիների համերաշխությունն ընդգծելով հայ ժողովրդի հետ», - հայտարարեց Քլինթոնը` դրա հետ մեկտեղ պնդելով, թե ամերիկյան վարչակազմի առաջնահերթությունը շարունակում են մնալ ոչ թե անցյալի իրադարձությունները, այլ հայ - թուրքական հաշտեցումը:

«Ես կարող եմ մեկ անգամ էլ ընդգծել ու վերահաստատել, որ այս վարչակազմի քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է` հայ եւ թուրք ժողովուրդները, երկու երկրների կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ուղղված խաղաղ եւ արդյունավետ հարաբերությունների հաստատմանը։ Մեր համոզմամբ` թուրքերի եւ հայերի հաջորդ սերունդների գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հենց հարաբերությունների բարելավումը», - հայտարարեց Քլինթոնը:

Ի դեպ, պետքարտուղարը Ադամ Շիֆին նաեւ հիշեցրեց, որ պատմաբանների մասին իր հայտարությունը հնչեցրել է` պատասխանելով Ֆրանսիայում ընդունված հայտնի օրենքի մասին հարցին։

Օգտվելով առիթից` Քլինթոնը մեկ անգամ էլ ներկայացրեց պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում:

«Խոսքի քրեականացումը շատ վտանգավոր մի ուղի է, եւ որքան ես եմ հասկանում` ֆրանսիական դատարանն արդեն իսկ այդ օրենքը հակասահմանադրական է ճանաչել», - նշեց Քլինթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG