Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր մարտի 1-ն է, որը այլ՝ սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան առաջին օր, սակայն մեր՝ հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սեւ էջ: Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են՝ հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը միաձայն պնդեն, թե այդ էջը շրջված է: Ցուցարարների եւ ուժայինների բախումներ տեղի են ունենում գրեթե բոլոր երկրներում (լինում են նաեւ զոհեր), բայց զարգացած պետություններում, երբ իրավիճակը հանդարտվում է, կատարվում է քննություն, որի արդյունքում պարզվում է, թե որ քաղաքացին ինչի հետեւանքով է սպանվել, իրավաչա՞փ էին ուժայինների գործողությունները, թե՞ ոչ: Ոչ մի լրագրող, հրապարակախոս կամ քաղաքական գործիչ իրավասու չէ տալ այդ հարցի վերջնական պատասխանը՝ դա դատարանի խնդիրն է: Բայց մեզ մոտ նման դատավարություններ չեն եղել: Փոխարենը եղել են այլ դատավարություններ, որոնց արդյունքում պատժվել են, այսպես ասած, «անկարգությունների սադրիչները»:

Նույն թեմային է անդրադարձել «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը: Նա ասում է. - «Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եվ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞: Սա նշանակում է, որ բաղձալի փոփոխությունների դռնից չկարողացանք ներս մտնել, բայցեւ կարողացանք այնպես անել, որ այդ դուռը չփակվի: Եվ սա տեղի ունեցավ մի պարզ թվացող գործողության արդյունքում. առավոտյան ցույցը ցրեցին, բայց մի քանի ժամ անց` նորից հավաքվեց: Հարձակվեցին` պաշտպանվեց: Կրակեցին` ընդվզեց: Ուզում եմ հիշեցնել, որ Մարտի 1-ի ցույցը, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցույցը ոչ ոք չի ցրել… այդ ցույցը պաշտպանել է ինքն իրեն, այդ ցույցը կանգնել է մինչեւ վերջ…»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երբ նայում ես Ազգային ժողովի մոտ 100% համամասնական ընտրակարգի անցում պահանջող Դաշնակցության, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, ապա նման անհամատեղ միասնությունից ակամա առաջացած ուրախության արցունքների հետ միաժամանակ հարց է ծագում. իսկ ինչո՞ւ են երեք քաղաքական ուժերը հավաքել այդչափ սակավաթիվ զանգված։ Իհարկե, զգացնել է տալիս ընդհանուր քաղաքական ապատիան։ Թեեւ ապատիան այստեղ երկծայր փայտ է։ Ցանկացած առիթով, նույնիսկ առանց առիթի փողոց ելնելու մարդկանց պատրաստակամությունը զգալիորեն արժեզրկում է բողոքի ցանկացած գործողություն՝ որպես այդպիսին։ Մինչդեռ դրան բացարձակապես չհակված մարդկանց դուրս գալը փողոց, խաղաղ քաղաքացիների ելքը նշանն է, որ ինչ-որ կարեւոր սահմանագիծ հատված է։ Լռակյաց մեծամասնության բողոքը կարող էր ե՛ւ մեծապես առողջացնել մթնոլորտը, ե՛ւ ստիպել իշխանությանը դիմել որոշակի զիջումների։ Բայց բողոք, համենայն դեպս համամասնական ընտրակարգի դեպքում, չկա»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հանրապետականները հայտարարեցին, թե այո’, եթե մեծամասնական ընտրակարգ չլինի` ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենա, ու իրենք հենց մեծամասնություն ունենալու համար են պահում այդ ընտրակարգը, որովհետեւ ՀՀԿ-ի մեծամասնություն չունենալը «չի բխում մեր երկրի շահերից»: Ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն չի տալիս, բայց Սերժ Սարգսյանը կարծում է, որ դա «չի բխում մեր երկրի շահերից», դրա համար էլ այնպիսի մեխանիզմ են հորինել, որ ընտրությունների ժամանակ ինչքան էլ քիչ ձայն ստանան` մեծամասնություն կազմեն: Այսինքն` ժողովրդի բացարձակ մեծամասնությունն այս իշխանություններին դեմ է, իրենք էլ դա գիտեն, եւ խոստովանում են, բայց «հանուն պետական շահի» շարունակում են բռնզավթած պահել իշխանությունը»:

«Ժամանակ»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Պաշտոնական Բաքուն պնդում է` թողնենք սկզբունքները, անցնենք խաղաղության համաձայնագրին: Ինչո՞վ կարող է դա ձեռնտու լինել հայկական կողմին»: Պատասխան. - «Սա նշանակում է մեզ հնարավորություն է տալիս մի կողմից Ադրբեջանին ասել` այո, դուք էլ եք ճիշտ, բայց մյուս կողմից ասել` առանց մեր ասածի չի լինի, եւ ընդունեցինք, որ այս երկու բանակցությունները պետք է շարունակվեն այս երկու գործողությունները իրար հետ համադրելու ճանապարհով: Հիմա դրանցից մեկի ուրացումը հավասար է Սոչիի համաձայնությունները հետ տանելուն: Ես կարծում եմ, որ մեր հաջողությունը միջազգային ասպարեզում հենց այն է, որ ԵԱՀԿ-ում ամբողջական ըմբռնում կա Հայաստանի դիրքորոշման նկատմամբ` մեր դիրքորոշումը չի քննադատվում, չի ջախջախվում, մեր մտադրությունների անկեղծությունը կասկածի տակ չի առնվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG