Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել է նաեւ Մաշտոցի զբոսայգու խնդրին: Տիգրան Սարգսյանն ասել է, թե Հայաստանի նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկել են ու պատրաստվում են կառավարության որոշմամբ վավերացնել այն հայեցակարգը, ըստ որի Մաշտոցի այգում տաղավարներ չեն լինի:

«Տարոն Մարգարյանի եւ իմ դիրքորոշումը այդ հարցի շուրջ նույնն է: Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում` մշտական կարգավիճակով: Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դա ժամանակավոր է եւ պետք է դուրս բերվեն: Հին Երեւանի նախագիծը, որ քաղաքապետարանը մշակում է եւ պետք է իրականացնի, այդ պրոյեկտի ներքո այս բոլոր հարցերը լուծվելու են եւ այդ տաղավարները այնտեղից դուրս են բերվելու»:

Չնայած վարչապետի այս հայտարարությանը, Երեւանի քաղաքապետարանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնին ուղարկած փաստաթղթերում հակառակ տեղեկություններն է ամրագրել:

Քաղաքապետարանը դեռեւս 2002 թվականից մինչեւ 25 տարի օգտագործման իրավունքով Մաշտոցի զբոսայգու տարածքը հատկացրել է մասնավոր ընկերությունների ու անձանց: Ընդհանուր առմամբ, 7 ընկերությունների ու անձանց օգտագործման է տրվել ավելի քան 900 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Փաստաթղթերում նշվում է, որ զբոսայգում տաղավարներ ու սրճարաններ պետք է կառուցվեն:

Իրավաբան Մերի Խաչատրյանը, ով ակտիվ երիտասարդների հետ պայքարում է այգու կառուցապատման դեմ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի պատասխանը համարում է անորոշ, լի հակասություններով ու անօրինականություններով:

«Պարզ չէ, թե այս 7 ընկերություններն ու անձինք արդյոք նույն այն տաղավարների տերերն են, որոնց քաղաքապետարանը Աբովյանի փողոցից որոշել է տեղափոխել Մաշտոցի զբոսայգի», - ասում է Մերի Խաչատրյանը: - «Քաղաքապետարանը նաեւ կից փաստաթղթեր է ներկայացրել, որտեղ տարածքի վերաբերյալ գրում է` օրինակ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ին տրամադրել են կառուցապատման իրավունքներով, ու նախագծվող հողամասի բնութագիրը գրված է` խառը կառուցապատման գոտում: Ստացվում է, որ այդ պուրակը խառը կառուցապատման գոտի է»:

Իրավաբանը նաեւ ասում է, որ քաղաքապետարանի ուղարկած փաստաթղթերում նշված չէ, թե այդ 7 ընկերություններին ու անձանց տրված տարածքները զբոսայգու որ հատվածն են կազմում, չկան նախագծեր:

2002 թվականից մինչ հիմա այգու տարածքում գործել է երկու սրճարան ու մեկ դեղատուն: Քաղաքապետարանի ներկայացրած մյուս 4 ընկերություններն ու անձինք թույլտվություն ստանալուց հետո շինարարություն չեն իրականացրել: Խաչատրյանը սա եւս համարում է անօրինական:

Բնապահպաններն ասում են, թե քաղաքապետարանի ուղարկած փաստաթղթերը լուրջ վերլուծության ենթարկելուց հետո կորոշեն իրենց հետագա քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG