Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները խոսել են Ադրբեջանում հայերի ջարդերի մասին


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանը, Աննա Էշուն, Ադամ Շիֆը երկուշաբթի օրը Կոնգրեսում հանդես են եկել հայտարարություններով` անդրադառնալով ավելի քան 20 տարի առաջ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում էթնիկ հայերի կոտորածներին եւ բռնություններին:

Ավելի վաղ հայտարարությամբ հանդես էին եկել կոնգրեսական Գարի Փիթերսը եւ այլ կոնգրեսականներ մարդու իրավունքների հանձնաժողովից:

Հովարդ Բերմանը` Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների ​հանձնաժողովի նախկին նախագահը, իր հայտարարությունում կոնգրեսականներին զգուշացրել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն արագորեն աճում է, ինչպես նաեւ ավելանում են Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ ռազմաշունչ հայտարարությունները:

Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը, ով պարծեցել էր, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 անգամ ավելին է, քան 8 տարի առաջ, եւ ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն:

Բերմանը անդրադարձել է նաեւ Ջուղայում ոչնչացված հայկական խաչքարերին` նշելով, որ Պետդեպարտամենտը մինչեւ հիմա պատշաճ ձեւով չի ուսումնասիրել այդ փաստը, եւ Պետդեպարտամենտին կոչ է արել կատարել դա:

Ադամ Շիֆը իր խոսքում ընդգծել է, որ այդ ջարդերը միայն մի մասն էր հայերի դեմ Ադրբեջանով մեկ իրականացվող գործողությունների, որոնց ընթացքում Ադրբեջանի կառավարությունը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

«Հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին պատերազմական գործողությունների հետեւանքով: Ադրբեջանում բարգավաճ կյանքով ապրող 450 հազար հայերը փաստորեն անհետացան», - նշել է Շիֆը` ​ավելացնելով, որ 1994 թվականին ձեռք բերված հրադադարը մինչեւ հիմա պահպանվում է, բայց Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմաշունչ տրամադրությունները, հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ ռազմական բյուջեի նշանակալի աճը սպառնալիք են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների համար:

Կոնգրեսական Աննա Էշուի համար, ինչպես ինքն է նշել, Ադրբեջանում հայերի ջարդերի մասին հիշողությունները նաեւ անձնական բնույթ ունեն։

«Մեր ընտանիքը փախել է օսմանյան Թուրքիայից հայերի դեմ իրականացվող ցեղասպանության ժամանակ, եւ երբ մենք տեղեկացանք 1988-ին հայերի դեմ կատարող ջարդերի մասին, տեսանք, որ պատմությունը կրկնվում է», - ասել է հայկական արմատներ ունեցող կոնգրեսականը։ - «Սպանությունների այս բռնի գործողությունները, որոնց թիրախը էթնիկ խմբերն են, պետք է վճռականորեն դատապարտվեն` որտեղ էլ որ կատարվեն»:

Նա նշել է, որ 1915 թվականի հայերի կոտորածներից 96 տարի անց էլ Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, եւ շեշտադրել է. - «Առանց մեր կողմից ճանաչելու եւ դատապարտելու` բռնությունների շրջանը կշարունակվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG