Մատչելիության հղումներ

Օրինագծի տապալումը կապվում է Ֆրանսիայի ներքաղաքական խնդիրների հետ


Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 6 հոկտեմբեր, 2011
Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 6 հոկտեմբեր, 2011
Իշխող Հանրապետական կուսակցությունը ափսոսանքով է ընդունել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ այդ որոշումը պայմանվորված էր Ֆրանսիայի ներքաղաքական խնդիրներով եւ թուրքական լոբբիի ազդեցությամբ:

«Խնդիրը ավելի շատ ներքաղաքական է` կապված Ֆրանսիայում ապագա ընտրությունների հետ: Եվ մենք չպետք է թերագնահատենք թուրքական լոբբիին: Շատ ավելի հեշտ է ազդել ութ հոգու որոշման վրա, քան թե 130-ի: Այնուամենայնիվ, պետք է նշեմ` շատ կարեւոր է, որ նախագահ Սարկոզին եւս մեկ անգամ տվել է հրահանգ, որպեսզի նոր օրինագիծ մշակվի եւ ներկայացվի համապատասխանաբար Ազգային ժողովին եւ այնուհետեւ Սենատին», - ասաց Շարմազանովը:

Մինչդեռ Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը Կիրո Մանոյանը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի նոր օրինագիծ մշակելու կարգադրությանը, նշեց, որ դա ավելի շատ բարի կամքի արտահայտություն է, քանի որ Նիկոլա Սարկոզին իր ներկա լիազորությունների ժամկետում չի կարողանա այդ գործը ավարտին հասցնել. մի քանի օրից Ֆրանսիայի խորհրդարանը արձակուրդ կգնա` հաշվի առնելով մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը:

«Կարելի է արտահերթ ժողով հրավիրել, բայց չեմ կարծում, որ դա այն հարցն է, որի համար այդ քայլերին կգնան», - ասաց Մանոյանը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը, ապա Կիրո Մանոյանի համոզմամբ` այս դեպքում հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, նաեւ կաշառքները, ինչը «պատիվ չի բերում Ֆրանսիային»:

«Սրանք պարզ, օդի մեջ մեղադրանքներ չեն, չեմ կարծում Ֆրանսիայի դատախազությունը ինձ կկանչի վկայություն տալու, բայց խոսվում է, որ պատգամավորները, սենատորները, որոնք կարեւոր դերակատարություն ունեցան այս հարցը Սահմանադրական խորհուրդ փոխանցելու գործի մեջ, շատ հստակ ձեւով արդեն կոկիկ նվերներ են ստացել են թուրքական կողմից», - ասաց նա:

Բացի այդ, Մանոյանի փոխանցմամբ, Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր անդամակցում են թրքամետ կազմակերպություններին, կան նաեւ նախկին քաղաքական գործիչներ, ովքեր նախկինում էլ դեմ են արտահայտվել ցեղասպանության ժխտումը քրեականացվելու գաղափարին:

Հարցին, թե արդյո՞ք այս ողջ գործընթացը «քաղաքական խաղ» չէր Նիկոլա Սարկոզիի կողմից, Մանոյանն ասաց, թե հիմք չկա նման պնդում անելու համար, եւ խաղի համար Ֆրանսիան այդքան մեծ ռիսկի չէր գնա: Անդրադառնալով ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի բովանդակությանը` Կիրո Մանոյանը նշեց, որ եթե այն այլ բովանդակություն ունենար, գուցե եւ չհամարվեր հակասահմանադրական: Նա օրինակ բերեց Շվեյցարիայում գործող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, որտեղ նշվում է, որ քրեականացվում է քսենոֆոբիայի եւ ռասիզմի նպատակով արվող ժխտումը:

«Այդ նույն հղումը կա հրեական Ողջակիզման ժխտումը քրեականացնող օրենքի մեջ, այն է` ռասիզմի, քսենոֆոբիայի եւ հակասեմականության նպատակներով ժխտումը: Այս վերջին օրինագծում չկար ինչ նպատակներով ժխտումն է քրեականացվում: Ասում էր` չափազանցված ձեւով ժխտում: Չգիտեմ, թե դա ինչ է նշանակում», - ասաց Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի փոխանցմամբ էլ` թեեւ Թուրքիան մշտապես իր ռազմական, արդյունաբերական լծակները օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, սակայն Թուրքիայում կա առաջադեմ մի հոսանք` մտավորականներ, ուսանողներ, ովքեր «պետական ժխտման դեմ բարձրացնում են ճշմարտության դրոշը»:

«Իմ մեծ մայրիկը փրկվեց մի թուրք բարեխիղճ ընտանիքի կողմից, եւ այդ բարեխիղճ ընտանիքի եւ այլ ընտանիքների արդարացի պատմությունը ուղղակի ջրի երես չի եկել, որովհետեւ Թուրքիան շարունակում է նաեւ Ֆրանսիայի այս օրինագծի ճնշման միջոցով ժխտել անժխտելին», - ասաց Հովհաննիսյանը:


please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG