Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը պետական այց կկատարի Սինգապուր


Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին երեկ ընդունել է Սինգապուրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը:

«Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ եւ մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Սինգապուրի նախագահը։

Նալբանդյանը Թոնի Թան Կեն Յամին Է փոխանցել Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Նա նշել է, որ 2009 թվականին Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, եւ վստահություն է հայտնել, որ սունգապուրցի պաշտոնակցի հրավերով Հայաստանի նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ բարեկամական գործակցության զարգացմանը:

Թոնի Թան Կեն Յամը խնդրել է նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ եւ ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը:

Նույն օրը տեղի են ունեցել Նալբանդյանի եւ Սինգապուրի արտգործնախարար Կ Շանմուգամի միջեւ բանակցությունները, որոնց օրակարգում էին Հայաստանի նախագահի Սինգապուր այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաեւ 1835 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավարտելով այցելությունը Սինգապուր՝ Հայաստանի արտգործնախարարը նույն օրը ուղեւորվել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG