Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեծամասնականը նպաստում է քաղաքացու օտարվածությանը»


Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգին` իբրեւ ընտրական սկզբունքի, դեմ չէ եւ համարում է, որ որոշ երկրներում այդ ընտրակարգը իր գործառույթը կատարում է։ Հայաստանի պարագայում, սակայն, ինչպես Հովհաննիսյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, այդ ընտրակարգը ծառայում է Հայաստանի քաղաքացու` սեփական երկրից օտարվածությանը։

Չորեքշաբթի օրը խորհրդարանում քվեարկվելու է առաջիկա ընտրությունները 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու` խորհրդարանական ընդդիմության առաջարկը։ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը կտրականապես դեմ է այդ առաջարկին։

Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերավորմամբ` Հայաստանում մեծամասնական ընտրակարգը ֆեոդալիզմի դրսեւորում է։

«Մենք դեմ ենք Հայաստանի Հանրապետության տարածքում ֆեոդալական, ստրկատիրական կարգերի, եւ մեծամասնական կոչված այդ համակարգը նաեւ ծառայում է մեր քաղաքացու օտարվածությանը` սեփական պետությունից, սեփական հայրենիքից, եւ մենք ուզում ենք հաղթահարել այդ խոչընդոտը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա։

«Ժառանգության» առաջնորդը հնարավոր է համարում, որ հետագայում մեծամասնական համակարգը կենսունակ լինի Հայաստանի համար` այն ժամանակ, երբ ձեւավորված կլինի նորմալ քաղաքացիական հասարակություն։ Այսօր, սակայն, դրա գործադրումն այստեղ, ըստ նրա, վաղաժամ է։

Հովհաննիսյանը նաեւ փոխանցեց, որ «Ժառանգություն»-ը առաջիկա ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցերը քննարկելու է մարտի 2-ին կայանալիք համագումարին։

«Մենք մինչեւ հիմա որեւէ ցուցակ` համամասնական կամ մեծամասնական, [Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին] մասնակցության հարցը չենք քննարկել, մենք ուզում ենք, որ այս արտահերթ քննարկմամբ նաեւ ժողովրդի միասնական կամքով փոխվի սա [մեծամասնակ] մինչեւ ընտրությունները, իսկ եթե չէ` «Ժառանգություն»-ը իր ուրբաթօրյա` մարտի 2-ի համագումարով որոշում կկայացնի, եւ այդտեղ հավանաբար որեւէ գաղտնիք չլինի, որ չիմացվի, եւ մենք կորոշենք, կվճռենք շարունակել պայքարը հնարավոր բոլոր եղանակներով` ընտրությունից մինչեւ հրապարակ», - ասաց նա։

Երեքշաբթի օրը Ազգային ժողովի մոտ երեք ընդդիմադիր ուժեր` Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն»-ը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, համատեղ բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը բնորոշել էր իբրեւ աննախադեպ միավորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG