Մատչելիության հղումներ

Ոստիկանության հրավիրած քննարկմանը մի շարք հասարակական կազմակերպություններ են մասնակցել:

Մաշտոցի այգում շինարարությունը ժամանակավոր դադարացնելու մասին մոտ մեկ շաբաթ առաջ կայացված որոշման օրը ոստիկանությունը նաեւ հաղորդագրություն տարածեց` հրավիրելով բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին կլոր սեղանի շուրջ քննարկելու ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերը:

Քննարկումը կայացել է այսօր` փակ դռների հետեւում: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, «Հավաքների ազատությունը սահմանադրական և ոստիկանական իրավունքի տեսանկյունից» թեմայով կլոր սեղանին մասնակցել են «Մարդու իրավունքները Հայաստանում», «Կոնֆլիկտների ուսումնասիրման եւ լուծման ազգային կենտրոն», «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «JIZ», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոն», «Օրենքի ուժ», «Ալյանս» հասարակական կազմակերպությունների, Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

«Կլոր սեղանի» մասնակիցները, հղում անելով «Հավաքների մասին» ՀՀ օրենքին, վկայակոչելով հանրապետությունում տեղի ունեցած հավաքները, ինչպես եւ օրինակներ բերելով եվրոպական մի շարք երկրների համանման փորձից, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից` արել են մի շարք առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման, հավաքի կազմակերպիչների իրազեկվածության աստիճանի խորացման, ոստիկանության հանդուրժողականության, աշխատանքի թափանցիկության եւ մի շարք այլ հարցերի:

Բնապահպան ակտիվիստները այսօր կլոր սեղանին չեն մասնակցել, քանի որ, ինչպես մեկնաբանեց Մարիամ Սուխուդյանը, հրավիրված են եղել միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոստիկանության բանավոր հայտարարած ժամկետը սպառվել է, սակայն այգում շինարարությունը չի վերսկսվել: Հիշեցնենք` Երեւանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը ակտիվիստներին հայտնել էր, որ կրպակների տեղադրումը դադարեցվում է մինչեւ շաբաթվա վերջը:

Մարիամ Սուխուդյանը պատմեց, որ այսօր չափագրումներ են արվել կրպակների տարածքում, իսկ առավոտյան բնապահպան Եղիա Ներսիսյանին է մոտեցել մի ոստիկան ու հայտնել, որ հարեւանությամբ գտնվող հիվանդանոցի ղեկավարությունը դժգոհում է աղմուկից:

«Կրկին անգամ փորձում են մեզանից ինչ-որ մարդկանց առանձնացնել ու փորձել ճնշումներ գործադրել: Էլ չգիտեն ինչ կերպ մեզ փորձեն ցրել այստեղից, գտնել լիդերներ եւ նրանց միջոցով վախը անցկացնել... Բայց չի ստացվել», - հայտարարեց բնապահպանը:

Ակտիվիստները 18-րդ օրն է շարունակում են հերթապահել այգում: Նրանք շուրջ 4 հազար ստորագրություն են հավաքել ընդդեմ կրպակների տեղադրման: Մարտի 3-ին բացօթյա մեծ էկոլոգիական ֆորում են անցկացնելու` որը խորհրդանշական անվանել են «ինքնորոշված քաղաքացու ծնունդը»:

Ակտիվիստ Լիլիթ Գեւորգյանի կարծիքով քաղաքային իշխանությունները ժամանակ են ձգում. - «Ինձ թվում է ուղղակի սպասում են` տեսնեն ակտիվիստները ուր են պատրաստ գնալ, ինչքան ժամանակ մենք կարող ենք այստեղ նստել ու թույլ չտալ շինարարություն իրականացնել: Իսկ ակտիվիստների վճռականությունն ու համբերությունը շատ մեծ է: Ամեն դեպքում` մենք այստեղ ենք մինչեւ հարցի վերջնական լուծումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG