Մատչելիության հղումներ

«Արտֆուդը» դեռ չի վճարել մթերումների ողջ գումարը


Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքում են, որ «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը լոլիկի մթերման ողջ գումարը դեռ չի վճարել: Ընկերությունը իր հերթին հայտարարում է, որ մինչեւ մարտի 1-ը կփակի բոլոր պարտքերը:

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանին գյուղացիները պատմում էին, թե դեռ սեպտեմբերին մթերած լոլիկի գումարի մի մասը չեն ստացել: Մեկին ընկերությունը պարտք է մնացել 18 հազար դրամ, մյուսին` 100 հազար, երրորդին էլ` 300 հազար դրամ: Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե «Արտֆուդը» գյուղին մինչեւ մեկ միլիոն դրամի պարտք է ունի:

Նույն խնդիրը կա նաեւ մարզի Ոսկետափ գյուղում: «Արտֆյուդից» գյուղացիներին հայտնել են, թե վաղը կարող են ստանալ իրենց գումարները: Սակայն գյուղացիները վստահ չեն, որ վաղը ընկերությունից ձեռնունայն ետ չեն գա:

«Արտֆուդ» ընկերությունը գյուղացիներին վճարել է նրանց հասանելիք գումարի մինչեւ 95 տոկոսը: «Արտֆուդ» գործարանի տնօրեն Վաչագան Կարապետյանը, ով գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ուշացման պատճառը գերմթերումն է: Նրա խոսքով` իրենք նախատեսվածից շատ են մթերել գյուղնախարարի ցուցումով:

«Սերգո Կարապետյանի ցուցում մթերեցինք ողջ հումքը, որ կար Արարատյան դաշտավայրում: Այսինքն մենք գերակատարեցինք մեր պլանները, դրա հետ կապված վճարումների խնդիրներ ունեցանք: Ենթադրենք, մենք պլանավորել էին մթերել 15 հազար տոննա գյուղմթերք, բայց մեր պլանը կատարելուց հետո ստացվեց այնպես, որ մեր հարեւանությամբ գտնվող գործարանը` «Բորոդինոն», մթերեց շատ քիչ քանակությամբ հումք: Գյուղացիների մոտ առաջացավ ավելցուկ: Նախարարը ցուցումով ամբողջ քանակը մթերվեց», - ասաց Կարապետյանը:

Ընկերությունը պլանավորել էր պարտքը փակել մինչեւ հունվար ամիսը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այդ ժամկետը երկարաձգվեց: Կարապետյանը հավաստիացնում է, որ մարդիկ ցուցակագրված են ու մի քանի օրվա ընթացքում արդեն կստանան իրենց վերջնավճարները: Կարապետյանի տվյալներով, իրենք նախատեսել էին մթերել 700 միլիոն դրամից ավելի գյուղատնտեսական հումք, սակայն մթերել են 800 միլիոն դրամի հումք: Դրա 3 տոկոսի` այսինքն 24 միլիոն դրամ հումքի դիմաց ընկերությունը դեռ չի վճարել:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG