Մատչելիության հղումներ

Սումգայիթի ջարդերից անցել է 24 տարի


Փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Սումգայիթում տեղի ունեցածը լրիվությամբ նախապատրաստված են եղել եւ իրականացվել են պետական քաղաքականությամբ», - հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: - «Ուրիշ կերպ անհնար էր խորհրդային իրականության տարիներին նման կարգի իրադարձություններ տեսնել: Այդ ձեռագիրը, որը չստանալով արժանի գնահատական, մենք տեսանք նաեւ 88-90 թվականներին բոլոր հայաշատ այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանցիների ցանկությունը մեկն էր` երեւի թե նրանք մտածում էին, որ այդ ձեւով պետք է կոտրեին հայկական այն կամքը, որ բռնուցքվել էր Արցախում»:

1988 թվականին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղում սկսված խաղաղ հանրահավաքների, ուր ժողովուրդը Հայաստանի հետ միավորվելու իր ցանկությունն էր արտահայտում, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից սկսվեցին հայկական ջարդերը, որտեղ միայն հայ լինելու համար սպանվեց 29 մարդ: Խորհրդային դատարանը Սումգայիթի բազմահազար ջարդարարներից պատասխանատվության ենթարկեց ընդամենը 94 մարդու:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի խոսքով, Սումգայիթին հետեւած` Բաքվի նույնօրինակ ջարդերի համար պատասխանատու է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ միջազգային հանրությունը, որն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց պաշտոնական Բաքվի արարքներին:

«Մենք համոզված ենք` եթե միջազգային հանրությունը յուր ժամանակ գնահատական տային Սումգայիթի ցեղասպանությանը, կարելի էր ակնկալել, որ մնացած ցեղասպանությունները, վայրագությունները Բաքվի կողմից կարող էր տեղի չունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Աթաջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG