Մատչելիության հղումներ

Օսկանյանը հրաժարական է տալիս Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից


Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը այսօր հրաժարական է տվել է հիմնադրամի խորհրդից:

«2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ եւ ամրապնդել քաղաքացիական հասարակությունը: Հենց այս տրամադրվածությամբ ես հիմնեցի Սիվիլիթաս հիմնադրամը, որի բոլոր ջանքերն ուղղված են եղել երկրում փոփոխություններ բերելուն», - ասված է Օսկանյանի` այսօր տարածած հայտարարության մեջ: - «Ես համոզված եմ, որ Սիվիլիթասի նման կառույցները պատասխանատու են քաղաքացիական հասարակության պահանջներին արձագանքելու եւ նույնիսկ նրան ուղղորդելու համար, որպեսզի հասարակությունը լուրջ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում: Ես նաեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին անհատ նույնպես պատասխանատվություն պետք է ունենա երկրի զարգացման գործում»:

«Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն», - գրում է Օսկանյանը` շարունակելով. - «Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը»:

Վարդան Օսկանյանը, հիշեցնենք, անցած շաբաթ անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG