Մատչելիության հղումներ

Ճնշումները Հարթունյան ընտանիքի վրա շարունակվում են


Ամերիկահայ գործարար եւ բարերար Նարեկ Հարթունյանը:

Ամերիկահայ գործարար եւ բարերար Նարեկ Հարթունյանը:

Շարունակվում են ճնշումները գործադրվել սփյուռքահայ բարերար Հարթունյան ընտանիքի նկատմամբ:

Այժմ ընթացքի մեջ են երեք գործերը՝ քրեական, վարչական եւ քաղաքացիական դատարաններում, որոնցում ներքաշված է Հարթունյան ընտանիքը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2010 թվականի սեպտեմբերը Հարթունյանների ընտանքին պատկանող GH Storage Enterprises ընկերությունը ղեկավարում էր նրանց կողմից լիազորված Սեւակ Արզարունին (Արծրունին), իսկ տնօրենն էր ոմն Արտյոմ Մարտիրոսյան: Բայց 2010 թվականի սեպտեմբերին, երբ բացահայտվում են նրանց կատարած գումարային յուրացումները, որոնք ընկերությանը սնանկացման էին տանում, դադարեցվում են երկուսի լիազորություններն էլ եւ GH Storage Enterprises ընկերության տնօրեն է նշանակվում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը: 9 ամիս հետո՝ 2011-ի հունիսին Պետեկամուտների կոմիտեն 111 մլն դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ է հայտնաբերում ընկերությունում: GH Storage Enterprises ընկերությունը բողոքարկում է այս ստուգման ակտը վարչական դատարանում, եւ այժմ գործը դեռ դատարանում է:

«Մինչդեռ քրեական գործը կառուցված է այդ ակտի եւ դրան հարակից այլ փաստաթղթերի, ապացույցների հիման վրա: Եթե վարչական դատարանում ակտն անվավեր է ճանաչվում, ապա փլուզվում է ամբողջ քրեական գործը»,- ասաց փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերին կալանավորվել էին Նարեկ Հարթունյանը, ընկերության հաշվապահը եւ տնօրենը, բայց մի քանի օր հետո ազատ էին արձակվել: Գեւորգ Չաքմիշյանը հավելեց, որ հարկային մարմինը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ վարչական վարույթը կասեցնելու՝ մինչեւ քրեական գործն ավարտվի:

«Այսինքն ի՞նչ են առաջարկում հարկային մարմնի աշխատակիցները, որ վարչական դատարանը կասեցնի իր գործողությունները, սպասի մինչեւ այս մարդկանց դատեն, դատապարտեն, հետո փորձի վերանայել ակտի հիմնավորվածության հարցը եւ մի օր գուցե պարզվի, որ այդ ակտը անվավեր ակտ էր: Ի՞նչ պետք է անեն այս մարդկանց այդ դեպքում, որ փոքր սխալ էր տեղի ունեցե՞լ», - նշեց Գեւորգ Չաքմիշյանը:

Ըստ ընտանիքի փաստաբանների, բոլոր գործերն են ընթանում են կոպիտ խախտումներով: Փաստաբան Անի Թորոսյանը նշեց, որ քննիչների կողմից խիստ կողմնակալ վեաբերմունքի պատճառով, դեռ դեկտեմբերին, երբ իր երեք պաշտպանյալները կալանավորվել էին հարկերից չարամտորեն խուսափելու հիմնավորմամբ, իրենք խնդրեցին փոխել քննիչներին, հետո Նարեկ Հարթունյանը բացարկ հայտնեց քննիչներին, բայց այն մերժվեց դատախազի կողմից, ինչից հետո ընդհանրություններ գտնելով իր եւ մեկ այլ սփյուռքահայ գործարար Վալերի Գործունյանի միջեւ, ով վերջերս հեռացավ Հայաստանից դատական եւ հարկային մարմինների հետ տարբեր քաշքշուկներից հետո, Նարեկ Հարթունյանը ասաց. - «Կոչ եմ ուղղում բոլոր մտավորականներին՝ Սփյուռքի եւ Հայաստանի, որ հետեւողական լինեն մեր գործին, որ արդարություն լինի, որ հասկանանք՝ մեր հայրենիքում ինչ է կատարվում»:

XS
SM
MD
LG