Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը վերանայելու կոչ` Քլինթոնին


ԱՄՆ - Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում, արխիվային լուսանկար

ԱՄՆ - Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում, արխիվային լուսանկար

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին վերանայել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրում` վերջերս նրա արտահայտած մոտեցումները որակելով որպես «ակնհայտ թուրքամետ»:

Երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հրապարակվել է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆի եւ Իլինոյսը ներկայացնող հանրապետական Ռոբերտ Դոլդի` Պետդեպարտամենտի ղեկավարին ուղղված նամակը, որին միացել են մոտ վեց տասնյակ այլ կոնգրեսականներ:

«Վերջին տարիներին բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներից եւ ոչ մեկի դիրքորոշումները այդքան մոտ չեն եղել թուրքական կառավարության մոտեցումներին, որքան պետքարտուղար Քլինթոնինը», - նշում են նամակի հեղինակները:

Դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականները համատեղ այս ուղերձում խիստ քննադատության են ենթարկում պետքարտուղար Քլինթոնին հատկապես այն հայտարարությունների համար, որոնց համաձայն` «Ցեղասպանության հարցը անհրաժեշտ է թողնել պատմաբանների դատին»:

«Պատմական տեսանկյունից մեծագույն սխալ է պնդել, թե Ցեղասպանության հարցը դեռ քննության առարկա է: Դա ոչ միայն վիրավորանք է ամերիկահայերի եւ ցեղասպանության այլ զոհերի հասցեին, այլեւ յուրատեսակ ամերիկյան խրախուսում ժխտողականության այն ամոթալի քաղաքականությանը, որ որդեգրել է Թուրքական Հանրապետությունը», - նշում են նամակի հեղինակները` նաեւ տարակուսելով, թե ինչպես կարող էր մի քանի տարվա ընթացքում Հիլարի Քլիթոնի տեսակետը այս խնդրում փոխվել 180 աստիճանով:

«Հարկ է հիշեցնել, որ 2006-ին Սենատի անդամներ Հիլարի Քլինթոնն ու Բարաք Օբաման մի ուղերձի տակ էին ստորագրել, որում, մասնավորաբար, գրված էր. - «1915 թվականի իրադարձությունները Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի հանդեպ իրականացված համակարգված ու կանխամտածված Ցեղասպանություն էին: 1915 թվականի Ցեղասպանությունն իր պատշաճ տեղը պետք է զբաղեցնի համաշխարհային պատմության էջերում: Միացյալ Նահանգների եւ ողջ միջազգային հանրության շահերից է բխում, որ մենք հստակ դասեր քաղենք այդ իրադարձություններից` թույլ չտալով, որ իրադաձությունները երբեւիցե կրկնվեն», - 2006-ին գրված Քլինթոնի նամակից նման մեջբերում են կատարում ամերիկացի կոնգրեսականները:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ բավական բարձր է գնահատել կոնգրեսականների այս ուղերձը` նշելով. - «Մենք շնորհակալ ենք կոնգրեսականներ Շիֆին եւ Դոլդին, ինչպես նաեւ նրանց նախաձեռնությանը միացած մյուս օրենսդիրներին` պետքարտուղար Քլինթոնին ուղղված այս կոչի համար, որով նրանք պահանջում են հրաժարվել ամերիկահայերի համար խիստ վիրավորական պնդումներից, թե Ցեղասպանության հարցը պատմաբանների քննության առարկա է»:

«Մենք հուսով ենք, որ նման կեղծ հայտարարություն հնչեցնելուց հետո պետքարտուղար Քլինթոնը հաշվի կառնի կոնգրեսականների ուղերձն ու ամերիկահայ համայնքի ցասումը` վերանայելով իր դիրքորոշումն ու փորձելով մեղմել այդ հայտարարության բացասական հետեւանքները», - ասել է Համբարյանը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանձնաժողովներում մեկնարկում է արտաքին հարաբերություններին նվիրված լսումների շարք, որոնց մասնակցելու է նաեւ պետքարտուղար Քլինթոնը: Ամերիկահայ կազմակերպությունները կոչ են անում Քլինթոնին ուղղված երեկվա ուղերձի հեղինակներին ու աջակիցներին` Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել նաեւ այդ լսումների ընթացքում:

«Կոչ ենք անում կոնգրեսականներին` ուղղակիորեն դիմել պետքարտուղար Քլինթոնին` նրանից բացատրություն պահանջելով «պատմաբանների քննարկման» մասին վիրավորական հայտարարությունների համար», - նշված է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG