Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ հավաքագրելու` Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնությանը։

Նման նախաձեռնության մասին երկուշաբթի օրը հայտարարել էր Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ինչպե՞ս եք գնահատում, եւ արդյոք դրա կարիքը այսօր զգացվո՞ւմ է, որպեսզի ձեզ` իշխանություններին, ստիպեն ազատ եւ արդար ընտրություններ վերջապես անցկացնել», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Այդ խնդիրը մենք էլ ունենք, մենք, կարծում եմ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրությունները արդար անցնեն»։

«Ինչքան ուժեր լինեն, որպեսզի պայքարեն արդար ընտրությունների համար, բնականաբար, մեր կողմից ողջունելի է։ Մենք լրիվ կողմնակից ենք, որպեսզի ընդգրկվեն, որպեսզի հսկողությունը բազմապատկվի», - ասաց Հանրապետականի փոխնախագահը` հավելելով. - «Մենք ընդամենը ողջունելի կհամարենք, որպեսզի մեր ժողովրդի հիմնական զանգվածը պայքարի արդար ընտրությունների համար։ Այսինքն` խախտումներ չլինեն ընտրությունների ընթացքում»։

«Իմաստը այն է, որպեսզի ձեզ պարտադրեն, իշխանություններին պարտադրելու իմաստ կա՞», - այս հարցին նա պատասխանեց. - «Ես կարծում եմ` անտեղի ջանքեր են, որովհետեւ իրենք` իշխանությունները, վստահաբար ասում եմ, գնալու են հենց այդ ճանապարհով, եւ, կարծում եմ, հենց ընտրությունների մասին օրենքը լրիվ կերպով թույլատրում է օրենքների շրջանակներում հնարավորինս ավելի մեծ հսկողություն իրականացնել»։

Թե ողջունո՞ւմ է արդյոք Հանրապետականը Դաշնակցության այս քայլը` այդ կապակցությամբ Գալուստ Սահակյանը ասաց. - «Ողջունելու խնդիրը չի էստեղ, որովհետեւ ես չգիտեմ` մոդելը ինչպես կիրառելի կլինի, եւ մի տեսակ մի քիչ ցուցադրական բան եմ տեսնում»։ «Նաեւ` քարոզչական», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` հավելեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG