Մատչելիության հղումներ

Արազ Օզբիլիսը` Ամստերդամի «Այաքս»-ի 21-ամյա կիսապաշտպանը, ով օրեր առաջ փայլեց «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ խաղում խփած գնդակով եւ ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, այսօր առաջին անգամ դաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի կազմում:

Հայաստանի հավաքականը այժմ Կիպրոսում է, ուր ընկերական հանդիպումներ է անցկացնելու` այսօր երեկոյան` Սերբիայի հավաքականի հետ, վաղը` Կանադայի ընտրանու:

Ֆուտբոլիստը երկար ժամանակ մտածում էր, թե ո՞ր երկրի հավաքականում ընդգրկվի` Հոլանդիայի՞, թե՞` Հայաստանի, վերջնական որոշումը Հայաստանի ընտրանու օգտին էր: Անցյալ տարի Օզբիլիսը ընդունեց Հայաստանի քաղաքացիություն եւ ստացավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 23-րդ համարի մարզաշապիկը: Նա այսպես բացատրեց իր ընտրությունը` իր սիրտը Հայաստանի համար է բաբախում:

Արազ Օզբիլիսը ազգությամբ հայ է, նրա ընտանիքը Թուրքիայից Հոլանդիա է տեղափոխվել, երբ նա 5 տարեկան էր։ Արդեն 8 տարեկանում Օզբիլիսը Ամստերդամի «Այաքս»-ի մանկական թիմում էր, հետո` երիտասարդական, իսկ 2010-ից խոստումնալից խաղի եւ գրանցած հաջողությունների շնորհիվ տեղափոխվել է «Այաքս»-ի հիմնական կազմ:

Եվրոպայի առաջության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումներին Հայաստանի հավաքականի կազմում Օզբիլիսը չխաղաց առողջական վիճակի պատճառով` նա ապաքինվում էր ստացած վնասվածքներից, այժմ արդեն լավ մարզավիճակում է եւ, ինչպես ֆուտբոլիստը ասել է «Արմսպորտ»-ին տված հարցազրույցում, պատրաստ է օգնել իր հավաքականին:

Մինչ սպասվող ընկերական հանդիպումները` մարզական պարբերականները անդրադառնում են Հայաստանի հավաքականի հնարավորություններին:

Կանադական «Սպորտնետ» կայքը, օրինակ, իրենց հավաքականի հետ վաղը կայանալիք ընկերական հանդիպումից առաջ իր ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի հավաքականը` ծավալուն վերլուծական հոդվածով: Մարզական մեկնաբանը պատմում է Հայաստանի ֆուտբոլի զարգացման մասին` երկրի անկախացումից սկսած, ապա եզրակացնում է` «Հայաստանի հավաքականը զոհից վերածվել է գիշատչի», եւ խորհուրդ է տալիս Հայաստանը դուրս չթողնել խոստումնալից ֆուտբոլային պետությունների շարքից:

Թեեւ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի հավաքականը երբեք չի հայտնվել խոշոր մրցաշարերում եւ Անդորրայի ու Լիխտենշտեյնի պես հեշտ մրցակից է համարվել, սակայն «Եվրո - 2012»-ի ընտրական փուլը փոխեց իրադրությունը։

Հեղինակը հավելում է` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել` ֆուտբոլային աշխարհում հարգանք վաստակելու համար:

1994 թվականին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 159-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի հավաքականը այժմ 41-րդն է աշխարհում եւ 25-րդը` Եվրոպայում:

Հոդվածագիրը վերջում եզրակացնում է, որ կանադական ընտրանուն լուրջ փորձություն է սպասում Հայաստանի հավաքականի հետ խաղում, մանավանդ որ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Կանադան 71-րդ տեղում է եւ 30 կետով զիջում է Հայաստանին:

Հայաստանի հավաքականի այսօրվա մրցակիցը` Սերբիայի թիմը ավելի ուժեղ է համարվում եւ ՖԻՖԱ-ի աղյուսակում գրավում է 25-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG