Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը այցելել է Հոնկոնգ


Երեկ ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի հետ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրել է Հոնկոնգում Հայաստանի պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի եւ Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները եւ ներդրումային հնարավորությունները: Քննարկվել են 2011 թվականի դեկտեմբեր եւ 2012 թվականի փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանել է Սինգապուր, որտեղ հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG