Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ընդունեց Հարավային Կովկասին վերաբերող եզրահանգումները


Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն

Երկուշաբթի օրը Բրյուսելում նիստ է գումարել Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը, որը ընդունել է Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին վերաբերող հատուկ փաստաթուղթ։

Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ասել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից զատ, 27 երկրների արտգործնախարարները «շատ արդյունավետ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը»։

Ինչպես եւ ենթադրվում էր, Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» անվամբ նախագծին։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, նշված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող հատվածում Եվրամիությունը ընդգծում է այս տարվա մայիսի խորհրդարանական եւ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը։

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւելու է դրան։

Եվրամիությունը Հայաստանին հորդորում է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, մասնավորապես, ապահովել դատական համակարգի անկախությունը, խթանել քաղաքական բազմակարծությունը, ազատ մամուլի զարգացումը, երաշխավորել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները։

Եվրամիությունը շարունակելու է աջակցել այդ բարեփոխումներին։

Եվրամիությունը հորդորում է Հայաստանին շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ, համոզված լինելով, որ իրական առաջխաղացումն այս հարցում տնտեսական աճի եւ զարգացման հիմքն է։

«Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» փաստաթղթում Եվրամիությունը անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին` հայտնելով իր մտահոգությունը հայ - ադրբեջանական բանակցություններում իրական առաջխաղացման բացակայության կապակցությամբ։

Եվրամիությունը իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, ինչպես նաեւ եռակողմ հանդիպումների նախաձեռնությամբ հանդես եկող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական առաքելությանը։

Եվրամիությունը իր աջակցությունն է հայտնում Մադրիդյան սկզբունքներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անում ակտիվացնել ջանքերը այդ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր համաձայնեցնելու համար։

Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել եւ այդպես նպաստել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաքելությանը։ Այդ նպատակով Եվրամիությունը ցանկանում է, մասնավորապես, իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն։

Արտաքին գործերի խորհուրդը առաջարկում է մշակել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք Եվրամիության հետագա ներգրավվածության հիմք են դառնալու։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG