Մատչելիության հղումներ

Հեծանվային երթեւեկության ներդրում Հայաստանում


Հեծանվային երթեւեկության ներդրում Հայաստանում
please wait

No media source currently available

0:00 0:06:37 0:00

Սամվելն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է հեծանիվներին, մի քանի անգամ եղել է նաեւ հեծանվային սպորտի Հայաստանի չեմպիոն: Իսկ այսօր հայրիկի հետ հիմնել են հեծանիվների սեփական արհեստանոցն ու զբաղվում են հեծանիվների վերանորոգմամբ:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Սամվելը նշում է. - «Իմ կարծիքով, հեծանիվն ամենալավ փոխադրամիջոցն է, որովհետեւ իր շահագործման ընթացքում օդը չի աղտոտում, բացի այդ ամենալավ միջոցն է առողջությունը պահպանելու»:

Սամվելի հայրը` մասնագիտությամբ նկարչության եւ գծագրության ուսուցիչ Վիուլ Հովհաննիսյանը իր մասնագիտությանը զուգահեռ զբաղվել է նաեւ հեծանվասպորտով: 73-ամյա սպորտի վարպետն ու վաստակավոր մարզիչն այսօր հպարտությամբ է նշում, որ իր գերդաստանը 6 սպորտի վարպետ է տվել, սակայն ցավում է, որ այսօր հեծանիվն ու այս սպորտաձեւը մի փոքր դուրս են մնացել մարդկանց ուշադրությունից:

«Օրինակ ես 73 տարեկան եմ` մի անգամ հիվանդացած չկամ: Երեք վիրահատություն եմ տարել կոտրվածքների պատճառով, եւ եթե հեծանվային սպորտով զբաղված չլինեի, երեւի կենդանի չէի լինի», - նշում է նա:

Սամվելը նշում է, որ մինչեւ օրս երթեւեկում է միայն հեծանվով, եւ օրինակ բերելով սեփական փորձը` հեծանվորդներին միշտ խորհուրդ է տալիս ուշադիր լինել հատկապես մայրաքաղաքի փողոցներում երթեւեկելիս, քանի որ նկատել է վարորդների ոչ դրական վերաբերմունքը հեծանվորդների նկատմամբ:

«Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորոխյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ հեծանվային երթեւեկության ներդրումը Երեւանում անհրաժեշտություն է, եւ առաջին քայլերն արդեն արված են, քանի որ օդի աղտոտվածության հարցը լուծելու խնդիր կա նաեւ:

Ճորոխյանի խոսքով` օդի աղտոտվածության ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման եւ գերազանցող մասի 90 տոկոսը բաժին է հասնում ավտոտրանսպորտին:

«Փորձեցինք համագործակցել քաղաքապետարանի եւ ճանապարհային ոստիկանության հետ, որոնք հիմնական պատկան մարմիններն են այս ոլորտում: Երկու կողմից էլ ունեցանք շատ թե քիչ դրական պատասխան»:

Մինչեւ բուն ծրագրի իրականացմանն անցնելը` խնդրով անհանգստացած մասնագետները ուսումնասիրել են նաեւ համաքաղաքացիների վերաբերմունքն առաջարկվող ծրագրի շուրջ:

Ներկայացնելով ընդհանուր պատկերը` Ճորոխյանն ասաց. - «Երեւանցիների 91 տոկոսը շատ լավ է գնահատում հեծանվային երթեւեկության ներդրումը, մեկ տոկսոը գտնում էր, որ այսօր տեղին չէ դրա մասին մտածելը: 75 տոկոսը գտնում էր, որ դա առողջարար է, մեծամասնություն գտնում էր, որ դա ֆինանսապես ձեռնտու է եւ էկոլոգիապես մաքուր է քաղաքի համար: Իսկ որպես հիմնական խոչընդոտ նշում էին հեծանվային գոտիների բացակայությունը եւ կանգառների բացակայությունը»:

Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ 2005 թվականից մինչեւ օրս կառավարությունը ընդունել է 3 որոշում` կապված հեծանվային երթեւեկության ներդրման հետ, որոնք այդպես էլ չի իրականացվել:

Վերմիշյանի խոսքով` արդեն ծրագրի իրագործման ժամանակն է, ու իրենք մշակել են մի քանի սխեմաներ. - «Առաջին հիմնական մայրուղին սկսվում է Մատենադարանից եւ գնում մինչեւ Արտաշատի խճուղի, անցնելով նաեւ Օպերայով եւ Հյուսիսային պողոտայով: Մեքենատրասպորտին մենք գրեթե չենք խանգարելու: Օղակաձեւ զբոսայգին, որ ամբողջապես օղակում է սկսած «Առագաստ» սրճարանից մինչեւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Արտաշատի խճուղից մինչեւ Երեբունու հնավայր, Արշակունյաց պողոտայից դեպի Կարմիր բլուր հնավայր եւ մի քանի այլ ճուղավորումներ: Այսինքն մենք այնպիսի մայրուղիներ ենք դրել, որ իսկապես մայրուղային են հեծանվային տրանսպորտի համար»:

Ճանապարհների լայնությունը, համաձայն օրենսդրության, կլինի 1.8 մ, կայանատեղիները նախատեսվում են այգիներում, ուսանողական շրջաններում: Արահետները գծելու համար փորձագետները ապավինել են հոլանդական փորձին:

«Արահետները լրիվ առանձնացված են: Խաչմերուկներում այնպիսի կառույցներ են արված, որ գրեթե զրոյի է հասցվում շփումը հեծանվորդի եւ մեքենատրասպորտի հետ: Միանշանակ դա պետք է լինի հիմքում, որովհետեւ տեսնում ենք, թե Երեւանում ինչպես են վարում, եւ իսկապես ժամանակ է պետք, որպեսզի մեր վարորդները ընտելանան հեծանվորդներին», - նշում է Վերմիշյանը:

Ըստ փորձագետների, հետազոտությունները կավարտվեն մարտի վերջին, հետո կառաջարկեն քաղաքապետարանում անցկացնել հանրային լսումներ, ամռանը կմշակվի ճանապարհային քարտեզն ու գործողությունների ծրագիրը: Եվ եթե ամեն ինչ լավ լինի, սեպտեմբերից կանցնեն գործնական քայլերի:

please wait

No media source currently available

0:00 0:08:52 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG