Մատչելիության հղումներ

Մի խումբ հայ մտավորականներ մշակել են ծրագիր, համաձայն որի Հաղթանակ զբոսայգում կառուցվելու է «Նոյյան Տապան» թանգարան:

Նախատեսվում է այն կառուցել աստվածաշնչյան տապանի իրական չափերով: Երկարությունը լինելու է 132 մ, լայնությունը` 22 մ, իսկ բարձրությունը` 13 մ: Արտաքին երեսպատումը եւ ներքին ձեւավորումը լինելու է փայտից:

«Համալիրը հիմնականում ծառայելու է որպես պատմամշակութային, գիտական օջախ», - նշում է նախագծի հեղինակ, իրականացնող եւ գլխավոր պատասխանատու Մարտուն Հարությունյանը:

Տապանի 1-ին հարկը լինելու է թանգարան, որտեղ տեղադրվելու են Նոյ նահապետի ընտանիքի անդամների եւ կենդանական աշխարհի կրկնօրինակները: Երկրորդ եւ երրորդ հարկերում լինելու է կինոթատրոն, դահլիճներ, հյուրերի համար սենյակներ եւ այլն:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը սա զբոսաշրջության զարգացման խթան է համարում:

«Նոյյան Տապան» նախագիծը ներկայացվել է երկրի նախագահին ու վարչապետին, Երեւանի քաղաքապետարան, մշակույթի նախարարություն:

Նախագիծն այժմ գլխավոր ճարտարապետի կողմից ներկայացվել է Հանրային խորհրդի քննարկմանը:

Նախագծի համահեղինակ, Հաղթանակ զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանն ասաց. - «Պետբյուջեի հետ կապ չունի. հիմնական ներդրողներն են «Արմարե» եւ «Ուրախ ժամանց» ընկերությունները: Ծրագրի իրականացման համար մոտավոր հաշվարկներով պահանջվում է մոտ 20 մլն դոլար»:

«Նոյյան տապան»-ում նախատեսվում է նաեւ մաս հատկացնել սրճարաններին:

«Թանգարանի միջոցով երիտասարդները կծանոթանան պատմությանը, իսկ սրճարանները փող աշխատելու միջոց են: Լավ չէ, սակայն առանց դրա էլ կարծում եմ հնարավոր չէ», - նշում է երիտասարդներից մեկը:


XS
SM
MD
LG