Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն ուզում է ծանրակշիռ դեր ստանձնել ԼՂ կարգավորման գործընթացում


Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոն

Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոն

«Եվրամիությունը ուզում է ծանրակշիռ դեր ստանձնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում», - այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարեց Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը, ով այսօր Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարների հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում։

Էշթոնը, անդրադառնալով այդ քննարկումներին, առաջին հերթին առանձնացրեց հենց ղարաբաղյան խնդիրը` ընդգծելով, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի։

«Վերջերս ես եղա տարածաշրջանում եւ քննարկեցի երեք երկրների հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում` ղարաբաղյան խնդիրը, եւ իմ խորը, խորը մտահոգությունները այն ամենի շուրջ, ինչ կատարվում է այնտեղ։ Մենք թերեւս կլսենք Ֆրանսիային, որը ներգրավված է Մինսկի խմբում, իմ հատուկ ներկայացուցչին, որը զբաղվում է այդ տարածաշրջանի հակամարտություններով, հետո կորոշենք` ինչ քայլեր է ուզում ձեռնարկել Արտաքին գործերի խորհուրդն այս ուղղությամբ», - հայտարարեց Էշթոնը` հավելելով. - «Մենք շատ հստակորեն ընդգծում ենք, որ ուզում ենք ուժեղ եւ ծանրակշիռ դեր ունենալ, օգնել ու աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ այս դժվարին խնդրի կարգավորման հարցում»։

Ակնկալվում, է, որ քննարկման ավարտին Եվրամիության արտգործնախարարները փաստաթուղթ, այսպես կոչված, եզրակացություն կընդունեն երեք երկրների վերաբերյալ։ Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը մի քանի մանրամասներ է փոխանցում Հայաստանի վերաբերյալ փաստաթղթի նախնագծից, որի համաձայն պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է այստեղ առաջին անգամ նշել Եվրամիության պաշտոնյաների համար Լեռնային Ղարաբաղ առանց նախապայմանների մուտք ապահովելու կարեւորությունը։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումներին եւ այս առնչությամբ ընդգծում է Եվրամիության ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք ապահովելու կարեւորությունը», - փաստում է ԵՄ Արտգործնախարարների խորհրդի նախագիծը` մտահոգություն հայտնելով ղարաբաղյան բանակցություններում արձանագրվող դանդաղ առաջընթացի եւ շփման գծում ավելացող լարվածության առնչությամբ։

Փաստաթղթի նախագծի համաձայն ԵՄ Արտգործնախարարների խորհուրդը նաեւ ընդգծում է Հայաստանում առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը եւ նշում, որ ուշադրությամբ հետեւելու է դրանց ընթացքին։ Փաստաթղթով պաշտոնական Բրյուսելը նաեւ քաջալերում է Հայաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումները ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու, մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ եւ առանձին ընդգծում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու կարեւորությունը։

«Այս ոլորտում իրական առաջընթացը շարունակում է մնալ տնտեսության զարգացման ու բարգավաճման հիմքը», - ըստ նախագծի` փաստում է Եվրամիությունը։

Ակնկալվում է, որ փաստաթղթի շուրջ քննարկումները Բրյուսելում կմեկնարկեն կեսօրից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG