Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը կներկայացնի գործողությունների ծրագիրը


Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը, ինչպես երկուշաբթի օրը հայտարարեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, մարտի 1-ից նախաձեռնելու է «քաղաքական նոր գործընթաց»:

«Հայ ազգային կոնգրեսի թիրախը լինելու է Սերժ Սարգսյանի վարչախումբը, նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը: Մենք ակտիվորեն մասնակցելու ենք ընտրություններին, առավելագույնս մոբիլիզացնելու ենք հասարակությանը ինչպես կեղծիքները կանխելու, այնպես էլ այդ կեղծիքների դեմ հասարակական բողոքի ալիք բարձրացնելու ուղղությամբ», - նշեց Մուսինյանը` հավելելով, որ գալիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն «Հայաստանի քաղաքական ապագայի համար, այն պարզ պատճառով, որ կողմնորոշիչ են լինելու, թե ինչպիսի երկիր է լինելու Հայաստանը»:

Նրա փոխանցմամբ, առաջիկա ուրբաթ օրը հրավիրած հանրահավաքում Կոնգրեսը կներկայացնի գործողությունների ծրագիրը. - «Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի այն ընթացքը, եթե կուզեք` գործողությունների ծրագիրը, այն ճանապարհը, որով Կոնգրեսն անցնելու է առաջիկա երկու ամիսներին»:

Մուսինյանը նշեց, որ համամասնական ցուցակի քննարկումները Կոնգրեսում շարունակվում են` հավելելով. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի է բոլոր 18 կուսակցությունների կոնսենսուսով ընդունված ցանկացած որոշում: Հիմա քննարկումները ինտենսիվորեն շարունակվում են»:

ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ՀԱԿ-ի ցուցակում առաջադրելով միայն իրենց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի թեկնածությունը` իրենք «շատ քաղաքական ամբիցիա ունեցող ուժերի ցույց տվեցինք, որ ճիշտը սա է»:

Հարցին, թե որ ուժերն են ՀԱԿ-ի ներսում, որ ունեն «շատ քաղաքական ամբիցիաներ», Մուսինյանը պատասխանեց. - «Այն, որ կարող են լինել քաղաքական ամբիցիաներ, ես դա նորմալ եմ համարում… Համամասնական ցուցակի կազմումը շատ բարդ գործընթաց է նույնիսկ մեկ կուսակցության ներսում»:

Հարցին, թե Ազգային ժողովում մեծամասնության չնվաճելու դեպքում արդյոք ՀԱԿ-ը հրաժարվելու է մանդատներից, Մուսինյանը պատասխանեց. - «Ամեն ինչ կախված է լինելու, թե ինչպիսի ընտրություններ են լինելու դրանք: Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց դրանք լինեն շատ ազատ եւ արդար ընտրություններ, մենք դա կհամարենք հասարակության գնահատականը… Եվ մենք առաջինը կլինենք, որ կշնորհավորենք խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժին: Բայց, ես նաեւ վստահ եմ, որ եթե լինեն ազատ, արդար ընտրություններ, Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում կունենա ծանրակշիռ ներկայություն»:

XS
SM
MD
LG