Մատչելիության հղումներ

Հայ դատի գրասենյակը դատապարտում է հակահայկական ցույցերը Թուրքիայում


Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը խստորեն դատապարտել է կիրակի օրը Թուրքիայում անցկացված` կառավարության կողմից արտոնված հակահայկական ցույցերը։

Հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ նաեւ կոչ է արել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին` «խստիվ դատապարտել հայերի դեմ ատելություն եւ բռնություն բորբոքելու` Անկարայի այս վերջին փորձը»։

«Այսօրվա հակահայկական ցույցերը Ստամբուլի փողոցներում` ներքին գործերի նախարարի եւ ազդեցիկ քաղաքական կուսակցությունների գլխավորությամբ, ակնհայտորեն ուղղված էին Թուրքիայի հայ քաղաքացիների եւ հարեւան Հայաստանի դեմ ահագնացող ռասիզմ եւ նոր բռնություն բորբոքելուն», - համոզմունք է հայտնել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հավելելով, որ «դրանք ոչ միայն սոսկ հետցեղասպանային պետության բռնի արձագանքներն են, այլեւ` նախացեղասպանային թուրքական հասարակության վճռական գործողությունները»։

Լրատվական գործակալությունների վկայությամբ` Թուրքիայում հակահայկական ցույցերին մասնակցել է 20 հազարից մինչեւ 50 հազար մարդ, իսկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված ակցիայի բանախոսների թվում էր երկրի ներքին գործերի նախարար, վարչապետ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարներից Իդրիս Նաիմ Սահինը։

Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ցույցերը նվիրված էին Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG