Մատչելիության հղումներ

Իսրայելը անօդաչու ինքնաթիռներ է վաճառելու Ադրբեջանին


Իսրայելական Heron TP անօդաչու թռչող սարքը
Իսրայելական Heron TP անօդաչու թռչող սարքը

Նախօրեին Իսրայելի պաշտոնյաները հաստատել են Ադրբեջանի հետ ռազմական բնագավառում խոշոր գործարք կնքելու տեղեկությունը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Aerospace Industries իսրայելական պետական ընկերությունը անօդաչու ինքնաթիռներ է վաճառելու Ադրբեջանին։

Այդ սարքերը` «դրոնները», կիրառվում են ե՛ւ հետախուզական տեսագրություններ կատարելու, ե՛ւ զուտ մարտական գրոհներ իրականացնելու նպատակով։

Բացի այդ, Իսրայելն Ադրբեջանին վաճառելու է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Associated Press-ի թղթակից Ամի Տեյբելը նշում է, որ այդպես իսրայելական գերարդիական տեխնոլոգիաները մուտք են գործելու մի երկիր, որն Իսրայելի ոխերիմ թշնամի Իրանի անմիջական հարեւանն է։

Իսրայելա - ադրբեջանական այս գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլար։

Associated Press-ը նշում է, որ գործարքը կնքվել է չափազանց բարդ ժամանակահատվածում, երբ Իսրայելը փորձում է տարածաշրջանում դիվանագիտական դաշինք կազմել հրեական պետության նկատմամբ օրըստօրե ավելի թշնամաբար տրամադրվող Իրանի դեմ։

Իսրայելին մտահոգություն պատճառող գլխավոր հանգամանքը Իրանում միջուկային ռումբ ստեղծելու հավանականությունն է։

Խոսելով Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի մասին` Իսրայելի ղեկավարները տարբեր առիթներով նկատել են տվել, որ հարկ եղած դեպքում ռումբի ստեղծումը կկանխեն ուժային եղանակով։

Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու ծրագրի գոյությունը` պնդելով, որ իր միջուկային հետազոտությունները սոսկ խաղաղ նպատակ են հետապնդում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Երուսաղեմում ասել է, որ առաջիկա օրերին հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին ու նրանց հետ նախեւառաջ Իրանի միջուկային վտանգի հարցն է քննարկելու։

Associated Press-ի թղթակիցը նշում է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերություններն ընդարձակվում են մի շրջանում, երբ Իսրայելի ռազմավարական համագործակցությունը Իրանի մեկ այլ հարեւանի` Թուրքիայի հետ էապես նվազել է։

Ամի Տեյբելի փոխանցմամբ, Ադրբեջանի հետ համագործակցության ընդարձակումը ձեռնտու է նաեւ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար, քանի որ Ադրբեջանը Իրանի հետ ունի ակտիվ սահմանամերձ առեւտուր եւ, բացի այդ, Իրանում մեծ թվով ազերիներ են բնակվում։

Իրանը վերջերս հայտարարել է, թե Ադրբեջանը իսրայելցի լրտեսներին տրամադրել է ապահով միջանցք, որով նրանք անցել են Իրանի տարածք եւ սպանել են իրանցի միջուկագետ-ֆիզիկոսներին։ Ադրբեջանն այդ մեղադրանքը հերքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG