Մատչելիության հղումներ

«Հանուն արդար ընտրությունների» ֆլեշմոբ` Մոսկվայում


«Հանուն արդար ընտրությունների» շարժման ակտիվիստները այսօր ֆլեշմոբ էին կազմակերպել. հազարավոր ընդդիմադիրներ ձեռք ձեռքի տված մի քանի կիլոմետր երկարությամբ շրջան են կազմել Մոսկվայի կենտրոնում։

Ոստիկանության տվյալներով այսօրվա ֆլեշմոբին մոտ 11 հազար մարդ է մասնակցել, սակայն կազմակերպիչներն ասում են, որ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնը օղակող 16 կիլոմետր երկարությամբ Սադովոյե կոլցո ավտոճանապարհի ողջ երկարությամբ շրջան կազմելու համար առնվազն 34 հազար մարդ էր անհրաժեշտ։

Ֆլեշմոբի մասնակիցները, ընդդիմության խորհրդանիշը համարվող սպիտակ ժապավեններ կրելով եւ փուչիկներով, պարզապես կանգնած էին փողոցի երկայնքով, իսկ անցնող մեքենաներից շատերը ձայնային ազդանշաններով ողջունում էին ակցիայի մասնակիցներին։

Մեծ թիվ էին կազմում նաեւ ոստիկանական մեքենաները, ակցիայի պատճառով մի շարք փողոցներից Սադովոյե կոլցո մտնել հնարավոր չէր։

«Եկել ենք, որպեսզի ցույց տանք, որ մենք Պուտինին դեմ ենք։ Ինչքա՞ն կարելի է՝ 12 տարին բավական է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին ցուցարարները։

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4-ին։ Անցած շաբաթ հրապարակված հարցման տվյալներով, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանի նախագահ է ընտրվել նաեւ 2000 եւ 2008 թվականներին, վայելում է ընտրողների 59 տոկոսի աջակցությունը եւ ամենայն հավանականությամբ մարտի 4-ին կայանալիք ընտրություններում հեշտությամբ հաղթանակ կտանի եւ երրորդ անգամ նախագահ կընտրվի՝ 6 տարի ժամկետով։

Այսօր Մոսկվայի փողոցներ էին դուրս եկել նաեւ Պուտինի կողմնակիցները։ Նրանք անցորդներին թռուցիկներ էին բաժանում, որոնցում նշված էր, որ Պուտինը սիրում է բոլորին եւ նրա հաղթանակին ընդամենը մեկ շաբաթ է մնացել։

Կիրակի օրը քաղաքական ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում։

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այսօր շուրջ 3,000 ցուցարարներ «Ռուսաստանը առանց Պուտինի» վանկարկելով երթ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում։ Երեկ (փետրվարի 25-ին) Սանկտ Պետերբուրգում նույնպես Պուտինի դեմ ցույց էր անցկացվել, որին մի քանի հազար մարդ էր մասնակցել։

Կիրակի օրը ընդդիմադիրները ավելի փոքր ցույցեր են անցկացրել նաեւ Տոմսկ եւ Կեմերովո քաղաքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG