Մատչելիության հղումներ

Հեռուստասերիալների դերասանները թատրոնում ծափահարությունների են արժանանում բեմ դուրս գալուց անմիջապես հետո:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը նշում է, որ չի տարանջատում հանդիսատեսին՝ «թեեւ փոքրերի համար խաղալն ավելի պատասխանատու է»։

«Եթե մեծերը գալիս են ուղղակի հանգստանալու, ինչ-որ բան նայելու, փոքրերը գալիս են թատրոն որպես քննադատ. նրանք եթե տեսնում են բեմում կեղծ խաղ, անմիջապես արձագանքում են», - ասում է Զարուհի Խաչատրյանը։

Դերասանուհին նշում է, որ շատ կարեւոր է, որ հանդիսատեսը նույնպես կրթվի, թե ինչպես պետք է իրեն թատրոնում պահել, իսկ դա գալիս է ընտանիքից եւ դպրոցից:

«Թատրոն գնում են ուրիշ հոգեկան զգացմունքներ ստանալու, կրթվեու, դաստիարակվելու, գեղեցիկը տեսնելու եւ վերցնելու», - նշում է Զարուհի Խաչատրյանը: Իսկ Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասում է, որ ունենում են ինչպես զուսպ, այնպես էլ աղմկոտ հանդիսատես:

«Դպրոցներ կան, որ գալիս են, մաքուր, հանգիստ դիտում են ներկայացումը, երբեմն մոտենում եւ շնորհակալություն հայտնում», - նշում է դերասանուհին եւ հավելում, որ կգա ժամանակ, երբ հանդիսատեսը կհասկանա ներկայացման ընթացքում, երբ ծափահարել, երբ` ոչ:

Մասնագիտությամբ կինոռեժիսոր եւ թատերագետների ընտանիքում մեծացած Լուսինե Գեւորգյանը նշում է, որ կրթված հանդիսատես կա, սակայն փոքր տոկոս է կազմում․ - «Իմ կյանքում եկավ է մի պահ, երբ ես սկսեցի հոգնել թատերական աշխարհում կատարվող բացասական փոփոխություններից եւ գտնում եմ, որ փողոցում շատ ավելի հետաքրքիր միջոցառումներ են զարգանում, քան բեմում»:

Թատրոնի դերասաններից շատերին նախ եւ առաջ ճանաչում են հեռուստասերիալներից եւ ծափահարում են ոչ թե լավ խաղի վերջում, այլ բեմ դուրս գալուն պես: Լուսինե Գեւորգյանը ցավով նշում է, որ հայ հանդիսատեսի համար թատրոնը փոխադրվել է հեռուստաեթեր:

XS
SM
MD
LG