Մատչելիության հղումներ

Բաքու գնալու հարցը կորոշվի մինչեւ մարտի 18-ը


Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին մասնակցելու հարցը շարունակում է օրակարգային մնալ Հայաստանում:

Մի խումբ երգիչներ երկու օր առաջ վերջապես որոշեցին. չեն գնալու Բաքու եւ այդ մասին հանրությանը տեղեկացրին հաղորդագրությամբ, որում մասնավորապես ասված էր, որ հրաժարվում են ելույթ ունենալ մի երկրում «որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով»։ Հաղորդագրությունում նաեւ մատնանշված էր այս տարվա փետրվարի 23-ին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանության փաստը:

«24 տարի առաջ է սկսվել այդ խնդիրը՝ պատերազմով: Ես կորցրել եմ քեռուս, հորեղբայրս էլ մինչեւ հիմա անհայտ կորած է համարվում: Այսինքն, այդ խնդիրը այդ ազգի հետ ես վաղուց ունեմ: Ադրբեջանի հաղթանակից հետո էլ, երբ ինձ հարցնում էին, թե կմասնակցեմ արդյոք, ես ասում էի, որ եթե որոշվի, որ ես մասնակցեմ, կմասնակցեմ: Ես այնտեղ գնալու խնդիր չեմ տեսնում»,- «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Հայաստանը առաջին անգամ «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրած երգիչ Անդրեն:

Երգիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթը բոյկոտելուն միանում են «Եվրատեսիլին» մասնակցած բոլոր հայ երգիչները: Սակայն Անդրեն մեզ փոխանցեց, որ այդ հայտարարության մասին տեղեկացել է միայն լրագրողներից եւ չի ստորագրել այն:

Պատրաստ է Բաքու մեկնել նաեւ հայկական «Դորիանս» ռոք խումբը, որի «Եվրատեսիլի» համար գրված երգը՝ “This is our world” («Սա մեր աշխարհն է») արդեն տարածվել է համացանցում: Խմբի մենակատար Գոռ Սուջյանը օրեր առաջ «Մաքսլիբերթի»-ին փոխանցել էր, որ հոգեբանորեն պատրաստ են Բաքվում ելույթ ունենալ, թեեւ ակնկալում են, որ երբ բեմ բարձրանան, հանդիսատեսը կարող է սուլել եւ աղմկել:

Նունե Եսայան, Էմմի, Եվա Ռիվաս, Հայկո․․․ սա Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» բոյկոտող երգիչների ոչ ամբողջական ցանկն է:

Հիշեցնենք, որ երգիչ Հայկոն «Մաքլիբերթի»-ին փոխանցել էր. - «Նրանք ամեն կերպ փորձում են վարկաբեկել հայերին: Այդ պատճառով կարծում եմ լավ կլիներ, որ մենք բոյկոտենք ու չգնանք Բաքու՝ համոզված չլինելով, արդյոք այնտեղ ամեն ինչ լավ կլինի»:

Ամեն դեպքում վերջնական խոսքը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն է, ում վճռով, ոչ թե հանդիսատեսի քվերակությամբ պիտի որոշվի այս տարվա Հայաստանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ներկայացրել է «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցության հայտը:

«Այս պահի դրությամբ չենք կարող մեկնաբանել եւ հստակ պատասխան տալ այն հարցին՝ արդյո՞ք կմասնակցի Հայաստանը եւ ո՞վ կներկայացնի մեր երկիրը «Եվրատեսիլ 2012»-ին: Պաշտոնական պատասխանը կտանք մինչեւ մարտի 18-ը», - ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG