Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 25-ի մամուլ


«168 ժամի» մեկնաբանը գրում է. - «Հեռուստատեսությամբ հաճախ են ցուցադրում ռեպորտաժներ, թե ինչպես են մարդիկ անդամակցում իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին (ՕԵԿ-ին անդամակցողներին կամ չարամտորեն չեն ցուցադրում, կամ բնության մեջ այդպիսիք արդեն չկան): Սովորաբար, ՀՀԿ-ական դառնալու արարողությունը տեղի է ունենում գյուղերի մշակութային օջախներում` գյուղամիջի ակումբում: Հնամաշ կոստյումներով մարդիկ դեմ չեն ստանալ ՀՀԿ-ի անդամատոմս: Նրանց կարծիքով` այն ինդուլգենցիայի պես թուղթ է: ԲՀԿ-ական են դառնում մեծ սրահներում. ցանկացողները շատ են: Եթե տարիքն առած մարդկանց դեպքում կուսակցական դառնալն ինչ-որ տեղ բացատրելի է, ապա հնարավոր չէ հասկանալ` այդ կապակցությամբ վարսավիրանոցում մազերը հարդարած աղջնակի ինչի՞ն է պետք կուսակցական անդամատոմսը: Սակայն բարեբախտություն է, որ կան նաեւ այլ երիտասարդներ: Մաշտոցի պուրակում նրանց հաստատ տեսած կլինեք: Այդ երիտասարդները կուսակցական չեն: Նրանց շարժման առանձնահատկությունն այն է, որ նրանք, ովքեր ինչ-որ ժամանակ կանգնում են նրանց կողքին, այդքան ժամանակով էլ ապակուսակցականացվում են` ավտոմատ վերածվելով Երեւանի Բնակչի: Սա է հիմնավորումը, թե ինչու Մաշտոցի պուրակի պահպանության խնդիրը այսքան համակիրներ ունեցավ»:

«Առավոտի» թղթակիցը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «ՀՀԿ ցուցակում կլինե՞ն անսպասելի անուններ, այնպիսիք, որոնք, երբ հայտնի կդառնան հասարակությանը, մարդիկ կասեն` «այ քեզ արմանք-զարմանք» բան»: Պատասխան. - «Չեմ կարող ասել` անսպասելի, թե սպասելի կլինեն անունները, բայց մի բան հաստատ է` մեր կուսակցության ցուցակում կլինեն այն մարդիկ, որոնք վճռական են եւ կարող են իրականացնել բարեփոխումների գործընթացը` երկրի նախագահի գլխավորությամբ»: Հարց. - «Հրապարակումներ կան այն մասին, թե կուսակցության ցուցակը կազմվելու է ըստ որոշ գործիչների ունեցած քվոտաների»: Պատասխան. - «Ես ծանոթ եմ ձեր նշած այդ, այսպես կոչված, վերլուծություններին եւ ուզում եմ ասել, որ դրանք պարզապես ծիծաղելի են, չկա նման բան եւ չի էլ կարող լինել: ՀՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է եւ ոչ թե ՍՊԸ, իսկ քվոտավորումը բնորոշ է հենց ՍՊԸ-ներին եւ այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք առաջնորդվում են ՍՊԸ-ի տրամաբանությամբ»:

«Երկիրը» ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը` Թեհրանի «Ալիք» թերթին: Պարոն Մարգարյանը ասում է. - «Իրականությունն այն է, որ անցած ժամանակաշրջանում ոչ մի քաղաքական ուժ չի ունեցել անհրաժեշտ մեծամասնություն ժողովրդի մոտ, անկախ տարբեր միջոցներով ձեռք բերված արդյունքներից: Երբ քաղաքական ուժերը չեն հաշտվում այս իրականության հետ եւ փորձում են «արհեստական», ոչ օրինական միջոցներով այդ թիվը մեծացնել եւ ստեղծել շինծու մեծամասնություն, ամբողջ քաղաքական համակարգը դրանով կաթվածահար է դառնում, եւ այդտեղից են սկսվում բոլոր պրոբլեմները, բոլոր խնդիրները: Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի մեջ աղետ կլինի, որ եթե մի քաղաքական ուժ չունենա մեծամասնություն, եւ խորհրդարանում ձեւավորվի ինչ-որ մեկ կոալիցիա, ես կարծում եմ, որ դա բնական ընթացքի սկիզբ կլինի երկրում»:

«Հայոց աշխարհի» զրուցակիցը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն է: Լրագրողը հարցնում է. - «ՕԵԿ-ը մեծամասնական առաջադրումներ կատարելո՞ւ է»: Պատասխան. - «Մենք առնվազն 15, գուցեեւ երկու տասնյակ ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ կունենանք: Ե՛վ համամասնական, ե՛ւ մեծամասնական թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը բաց ու հրապարակային է լինելու: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Ճիշտ ժամանակին մենք այդ մասին տեղեկատվություն կտրամադրենք: ՕԵԿ-ում օլիգարխներ չկան, բայց մեր կուսակցական ընկերներից ոմանք բիզնեսմեններ են: Նաեւ նրանց թեկնածությունը մենք կառաջադրենք մեծամասնական ընտրակարգով, բնականաբար պահպանելով օրենքի բոլոր պահանջները»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը հարցադրումներ է կատարում. - «Հանուն ինչի՞ մարդը պիտի ընտրի այս կամ այն քաղաքական ուժին: Օրինակ` հանուն ինչի՞ են մարդիկ ընտրելու ՀՀԿ-ին: Հանուն իրենց հաջողակ բիզնեսների պահպանման, հանուն իրենց արտոնյալ դիրքի, հանուն իրենց պաշտոնների եւ այլն: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե Հայաստանում ինչ-որ դրական բաներ կատարվում են` հանուն այդ դրական բաների շարունակման: Հանուն ինչի՞ են մարդիկ ձայն տալու ԲՀԿ-ին: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. հանուն նրա, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չունենա: Շա՞տ են այդպիսիք: Շա՛տ շատ: Հանուն ինչի՞ պիտի մարդիկ ընտրեն Դաշնակցությանը: Դե ասենք` որպեսզի այդ կուսակցությունը ժամանակ առ ժամանակ Թուրքիայի «պորտը տեղը դնի», խորհրդարանի ամբիոնից հասնի Սասուն, մտնի Վան, մեկ-մեկ սոցիալական հարցեր բարձրացնի եւ այլն: Հանուն ինչի՞ պիտի ընտրեն «Ժառանգությանը»: Դե թեկուզ հանուն նրա, որ այդ խմբակցության պատգամավորները շատ ակտիվ են եղել: Հանուն ինչի՞ մարդիկ պիտի ընտրեն ՕԵԿ-ին: Պատասխան չկա: Հանուն ինչի՞ պիտի ընտրեն Կոնգրեսին: Որովհետեւ եթե քաղաքական այդ ուժը խորհրդարանում լուրջ ներկայություն ունենա, երկրում հաստատ ինչ-որ բան կփոխվի, 2013-ի նախագահական ընտրություններն էլ Սերժ Սարգսյանի սցենարով չեն ընթանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG