Մատչելիության հղումներ

logo-print

Հանցագործությունների թիվն ավելացել է 7 տոկոսով


Դատախազության կոլեգիայի նիստ, 24 փետրվար, 2012

Դատախազության կոլեգիայի նիստ, 24 փետրվար, 2012

Ուրբաթ օրը կայացած դատախազության կոլեգիայի նիստում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դժգոհեց քննչական մարմինների գործողություններից: Նիստում ամփոփվում էր 2011 թվականին իրավապահների կատարած աշխատանքները:

Գլխավոր դատախազի քննադատության թիրախում քննիչների անհարկի գործողություններն են: Նա օրինակ բերեց, ըստ որի քննիչը դատաբժշկական փորձաքննության ենթարկելով երեք ամսական երեխայի դիակը, որոշել է պարզել ալկոհոլի կամ թմրամիջոցի առկայությունը երեխայի օրգանիզմում: Ըստ Հովսեփյանի, նման գործողություններն անիմաստ են ու դրանց համար բյուջեից ավելորդ գումարներ են ծախսվում:

«Հարցեր են առաջադրում փորձագետին, որի պատասխանները ոչինչ չեն տալիս քրեական գործին», - դժգոհեց Աղվան Հովսեփյանը:

Հայաստանի գլխավոր դատախազը դժգոհեց նաեւ արձանագրված կաշառակերության ցուցանիշներից: Հովսեփյանի համար համոզիչ չէ այն ցուցանիշը, ըստ որի 2011 թվականին Հայաստանում արձանագրվել է կաշառակերության 70 դեպք (2010 թվականին արձանագրվել էր կաշառակերության 60 դեպք):

Չնայած դժգոհություններին, գլխավոր դատախազը հայտարարեց, թե Հայաստանում վերջին 15 տարիներին հանցավորության մակարդակի կայուն վիճակ է արձանագրվում: Ըստ դատախազի, տարիների համեմատությամբ հանցագործությունների թվաքանակի կտրուկ տատանումներ չկան:

«Մի քանի դեպքով նվազումը, մի քանի դեպքով աճը ես չեմ համարում էական պրոցեսներ, որոնք ազդել են հանցավորության մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ մեզ մոտ հանցավորությունը կայուն է, բայց սա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք: Մենք լուրջ խնդիրներ ունենք», - ասաց Հովսեփյանը:

Գլխավոր դատախազը ներկայացրեց հանցագործությունների կատարման ԱՊՀ երկրների վիճակագրությունը, ըստ որի ԱՊՀ երկրների ցանկում երկրների բնակչության թվով հաշվարկման դեպքում Հայաստանը հանցագործությունների կատարման առումով գտնվում է վերջին տեղում, իսկ հանցագործությունների բացարձակ թվով Հայաստանը նախավերջին տեղում է` Տաջիկստանից առաջ:

Ներկայացված թվերը վկայում են, որ հանցագործությունները Հայաստանում ավելացել են: 2010 թվականի համեմատ, 2011-ին Հայաստանում հանցագործությունների թիվն ավելացել է շուրջ 7 տոկոսով: Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է սպանության 60 դեպք: 2010-ին արձանագրվել էր սպանության 41 դեպք, այսինքն` 19 դեպքով մոտ 50 տոկոսով պակաս 2011-ից:

Նախկինում քննիչ, այժմ փաստաբան Հրանտ Գեւորգյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով հանցագործությունների աճին ու բացահայտումներին, ասում է, որ հանցագործությունների կատարման տարիների քանակական համեմատությունը գուցե էական տարբերություններ չարձանագրի: Բայց հանցագործությունների որակական համեմատությունը փաստաբանին թույլ է տալիս եզրակացնել, որ իրավապահները բացահայտում են «թեթեւ» գործերը:

«Այնպիսի գործեր են, որ որակ չեն կազմում, այսինքն անչափահաս երեխաները, սովածներ բակից կարող են ալյումին գողանալ եւ այլն: Դա բերում, գրանցում են, դարձնում են գործ եւ դարձնում բացահայտված: Որակապես տարբերվող գործերը` սպանություն, բռնաբարություն, ավազակային հարձակում, այդպիսի գործերը տասնյակներով մնում են չբացահայտված», - ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով` իրավապահները մասնագիտական լիարժեք պատրաստվածություն ու ռեսուրսներ չունեն: Գեւորգյանը նշում է նաեւ, որ որոշ հնչեղ գործերում իրավապահները պարզապես վախենում են բացահայտել հանցագործությունը:

«Ոչ մի իրավապահ չի բացահայտի օլիգարխի կողմից կատարված հանցանքը, որովհետեւ նրանք ամեն մեկը 100 հոգի թիկնազոր ունեն, կարող են թիկնազորին հանձարարություն տալ օպերատիվ աշխատողին, նրա ընտանիքին էլ վերացնել», - ասաց Գեւորգյանը:

2011 թվականին իրավապահները չեն կարողացել բացահայտել 17 սպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG