Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը հերքում է շրջանառվող լուրերը, թե քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի նիստում որոշում է ընդունվել, որ Մաշտոցի այգում կրպակները չպետք է տեղադրվեն: Երեկ ուշ երեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում նման հայտարարություն արեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` վստահեցնելով, որ այգու հարցը փակված է:

«Քաղաքաշինության խորհրդի նիստ քաղաքապետարանում չի եղել: Քաղաքապետարանում ամեն դեպքում դիրքորոշման փոփոխություն չկա: Ենթադրում եմ, որ Մերուժան Տեր-Գուլանյանը շփոթել է Հանրային խորհրդում կայացած լսումների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը:

Տեր-Գուլանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հաստատեց, որ իրոք շփոթել է եւ թյուրիմացաբար Հանրային խորհուրդը եթերում անվանել է քաղաքաշինության խորհուրդ: Տեր-Գուլանյանի պատմելով, հաղորդումը սկսվելուց առաջ զանգահարել է Հանրային խորհրդի Քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանին:

«Մարդն ինձ ասաց, որ խորհուրդը սկզբունքորեն դեմ է եղել, պարզապես ես իրեն լավ չհասկացա: Ինձ թվաց, թե քաղաքապետարանը արդեն ասել է, որ իրենք էլ են համաձայն խորհրդի որոշման հետ: Ու ես փաստորեն թյուրիմացության մեջ էի: Ես փաստորեն հայտարարեցի դա ուրախությամբ, որովհետեւ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որ կարծում են, որ այդտեղ տաղավարներ չպետք է տեղադրվեն, համոզված, որ այդպիսի որոշում է կայացվել», - ասաց նա:

Տարոն Մարգարյանի խոսնակը բացասական պատասխան տվեց հարցին, թե քննարկելո՞ւ է արդյոք Երեւանի քաղաքաշինական խորհուրդը կրպակների հարցը. - «Քաղաքաշինության խորհրդի նիստում դրվում են հիմնականում քաղաքաշինական մեծ ծրագրեր», - ասաց Սարդարյանը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը իր զորակցությունն էր հայտնել կրպակների տեղադրման դեմ արդեն 14 օր պայքարող ակտիվիստներին: Մինասյանը արժանահավատ չի համարում քաղաքային իշխանությունների վստահեցումները, թե տեղադրված կրպակները այգու 10 տոկոսը չեն գերազանցում, ինչպես պահանջում է Երեւանի գոտիավորման կարգը: - «10 տոկոս ասելով` մենք ընդհանրապես օկուպացիայի ենթարկեցինք օղակաձեւ զբոսայգին, 10 տոկոս ասելով` մենք օկուպացրեցինք Օպերայի բակը», - ասաց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG